«Ռոսպոտրեբնազոր»-ի ղեկավար Աննա Պոպովան չի պաշտպանում այն կարծիքը, ըստ որի՝ կորոնավիրուսի նոր շտամը՝ «օմիկրոնը», հիվանդության ծանր ընթացք չի առաջացնում: Նա նաեւ նշել է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ այն հայտնաբերվել է, քիչ են ծերերը, որոնց մոտ, սովորաբար, հիվանդության ընթացքը ծանր է:
«Հարավային Աֆրիկայում տարեց բնակչություն գրեթե չկա: Բռնկումը, առաջին հերթին ուսանողական համայնքն է, որտեղ հայտնաբերվել է: Նրանք երիտասարդներ են: Մենք, կորոնավիրուսի որ տարբերակն էլ, որ լինի, չենք տեսնում մասշտաբային ծանր ընթացք երիտասարդների շրջանում»,- ասել է Աննա Պոպովան: Նրա խոսքով, այս պահին չի կարելի ասել, որ նրանց, որոնց մոտ հայտնաբերվել է նոր շտամը, «ամեն ինչ լավ է եւ պետք չէ վախենալ»:
Բացի այս, կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը Ռուսատանում դեռ չի հայտնաբերվել. պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում: Աննա Պոպովան, մասնավորապես հիշեցրել է, որ Ռուսաստան ժամանող օտարերկրացիները սահմանը հատելիս, անպայման պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը. «Չթույլատրել «օմիկրոնի» մուտքը երկիր, անհնար է, պետք է ժամանակին հայտնաբերել եւ միջոցներ ձեռնարկել»:
Նրա խոսքով, ռուս մասնագետները նախորդ շաբաթվա ավարտին, մեծ աշխատանք են կատարել՝ գնահատելով հնարավոր հետեւանքները, որ կարող է առաջացնել «օմիկրոնը». առաջին հերթին այն մարդկանց մոտ, որոնք եղել են երկրից դուրս: «Մենք հետազոտող ինստիտուտներից խնդրել ենք մաքսիմալ արագացնել անցկացվող հետազոտությունը, այդ պատճառով է, որ շատ լաբորատորիաներ աշխատում են շուրջօրյա», – լրատվամիջոցներին ասել է Աննա Պոպովան:
Ս.Հ.