Հայաստանի սպառողական շուկայում թանկացումներ են արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքը թանկացել է 3.7 տոկոսով: Սրան մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ 4.8 եւ 16.4 տոկոսի չափով գնաճերը: Միայն բանջարեղենի գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են 16.4 տոկոսով: Իսկ միրգը թանկացել է 4.8 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կաթնամթերքը, պանիրն ու ձուն եւս թանկացել են: Օրինակ, կաթնամթերքի ու պանրի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3.5 տոկոս: Իսկ ձվի գինը բարձրացել է 6 տոկոսով: Բայց մեկ տարվա ընթացքում ձուն թանկացել է 26.2 տոկոսով. եթե նախկինում այն 60-65 դրամ էր, ապա հիմա վաճառվում է՝ 75-80 եւ ավելի բարձր գներով:
Թանկացել է նաեւ հացը: Ալյուրի գինը բարձրացել է 3.6 տոկոսով, հացի գինը՝ 2.7 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.6 տոկոս գնաճ: Ձավարեղենի գները բարձրացել են 3.5 տոկոսով: Իսկ ահա շաքարավազը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 2.3 տոկոսով: Պաշտոնապես, շաքարավազը մեկ տարվա ընթացքում թանկացել է 20.6 տոկոսով: Խմիչքն ու ծխախոտը եւս թանկացել են՝ 0.2 տոկոսով: Թանկացումից անմասն չեն մնացել նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը: Մասնագետների խոսքերով, առաջիկայում թանկացումների նոր ալիք է սկսվելու, քանի որ մոտենում են ամանորյա օրերը եւ ինչպես հայտնի է՝ այդ ժամանակահատվածում ապրանքատեսակների գները բարձրանում են:
Սյունէ Համբարձումյան