Այսօր հաշմանդամների իրավունքների կոպտագույն խախտումների ենք ականատես լինում. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Այսօր հաշմանդամների միջազգային օրն է՝ խորհրդանշական նաև նրանով, որ ևս մեկ առիթ է բարձրաձայնելու հաշմանդամների խնդիրները, ընդգծելու նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, գործուն քայլեր իրականացնելու՝ հասարակության մեջ նրանց ինտեգրումն ապահովելու նպատակով:
Զարգացող և օր-օրի նկատելի փոփոխությունների ենթարկվող այս աշխարհում, ցավոք, հաշմանդամներն ունեն հասարակության լիարժեք մասը լինելու իրենց հիմնական իրավունքների իրացման լրջագույն խնդիրներ, որոնց կարգավորումը պահանջում է բոլոր շահագրգիռ օղակների միասնական և հետևողական աշխատանք:

Ցավով պետք է արձանագրեմ, որ չնայած Սահմանադրության մեջ ամրագրված է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է, հաշմանդամների իրավունքների կոպտագույն խախտումների ենք ականատես լինում. օրինակ՝ վերջերս համացանցում հանդիպեցի մի լուսանկարի, որտեղ անվասայլակին նստած մեր քաղաքացին էր՝ մի ձեռքում նրան տրամադրված օժանդակությունը, մյուսում՝ աջակից ընկերության լոգոտիպը:
Հետպատերազմական այս փուլում կտրուկ սրվել են նաև զինհաշմանդամների խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ խիստ հետևողականություն պիտի ցուցաբերենք: Որքան էլ զարմանալի լինի, ստանում եմ ահազանգեր նաև այնպիսի դեպքերով, երբ պատերազմին մասնակից մեր հայրենակցին տրամադրվել է 3-րդ խմբի հաշմանդամության կարգ և բացատրվել, որ եթե կտրվածքն արմունկից վերև լիներ, կստանար 2-րդ խմբի հաշմանդամության կարգ:

Խնդիրները բազմաթիվ են, իսկ լուծման համար անհրաժեշտ քայլերը պահանջում են հրատապություն: Ի վերջո պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է ներդնել ամենը՝ հոգեբանական ծանր խնդիրներին յուրաքանչյուր պահի բախվող այս մարդկանց հասարակության լիարժեք մասը դարձնելու նպատակով:
Օժանդակենք նրանց, բայց՝ անշահախնդիր»:




Լրահոս