Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմայանը դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ընդունել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին։
«Ծրագրի հետ համագործակցությունը արդեն ձևավորված ավանդույթ է, որը առավելապես ուղղված է ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, օրենսդրական աշխատանքներին, խորհրդարանական վերահսկողությանը, հանրային լսումների կազմակերպմանը և ոլորտային այլ խնդիրների լուծմանը։
Քննարկման առարկան կատարված աշխատանքի ամփոփումն էր և գալիք տարվա ծրագրերը: Հատկապես կարևորել եմ համագործակցությունը օրենսդրական գործունեության շրջանակներում, ծրագրի ներկայացուցիչների հետ պատգամավորների համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման նպատակով:
Այս գործընթացի արդյունավետությանը կնպաստի նաև արտագնա սեմինար-քննարկումների կազմակերպումը, որը հնարավորություն կտա խնդրի առկայության դեպքում ներգրավել իրավասու բոլոր օղակներին և համապարփակ լուծումների ճանապարհային քարտեզ մշակել։
Ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլյանա Լեդենիքան նշեց, որ իրենք պատրաստակամ են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ աշխատանք ոլորտային խնդիրների կարգավորման նպատակով, կախված հանձնաժողովի կարիքներից՝ վերապատրաստումներ կազմակերպել և նպաստել օրենդրական մարմնի առավել արդյունավետ գործունեությանը։
Հանդիպմանն անդրադարձա մեր զինհաշմանդամների խնդիրներին, ցույց տվեցի դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով միջազգային փորձի ուսումնասիրության կարևորությունն ու այս ուղղությամբ ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությունը՝ խնդիրների լուծման բանալին գտնելու նպատակով:
Հանդիպմանը քննարկեցինք նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց ներգրավվածությանն ու ակտիվությանը, այս դաշտում առկա հարակից խնդիրներին վերաբերող հարցեր», նշել է Թովմասյանը: