Առաջիկա երկու տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր ճարտարագետ Ռազմիկ Խաչատրյանը: Նա նաեւ պարզաբանել է, որ սակագնի փոփոխությունը կախված է ներդրումների ծավալից եւ հաճախականությունից: «Եթե ՀԷՑ-ը ներդրումային քաղաքականությունն ակտիվացնի, ապա էլեկտրաէներգիայի սակագնի աճն անխուսափելի կլինի»,-զգուշացրել է ՀԷՑ գլխավոր ճարտարագետը` այսպիսով, թերեւս իր կամքից անկախ, բացահայտելով ընկերության ներդրումային ռազմավարությունը:Եթե հիշում եք, դեռեւս 1998 թվականից` Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց անմիջապես հետո, սկսվեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացը, որի դեմ բողոքի ալիքը մի քանի տարի շարունակ չէր թուլանում: Պարբերական եւ բավական բազմամարդ հանրահավաքներում քաղաքական գործիչների հնչեցրած բոլոր փաստարկներին, սակայն, իշխանությունները հակադարձում էին, թե` էլեկտրական բաշխիչ ցանցերը գտնվում են անմխիթար վիճակում եւ միայն օտարերկրյա ընկերությունների առաջարկած ներդրումների միջոցով հնարավոր կլինի ապահովել ցանցերի բնականոն աշխատանքը: Արդյունքում` 2002թ. ՀՀ-ն իր պետական ունեցվածքը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, վաճառեց Midland Resources Holding ընկերությանը, որն էլ չորս տարի անց` 2006թ-ին, իր բաժնետոմսերը վաճառեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին: Թե մինչ օրս ընկերության նախկին եւ ներկա սեփականատերերը որքան ներդրում են կատարել, հայտնի չէ, ու կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ, ինչպես հայտարարում է ընկերության գլխավոր ճարտարագետը, ընկերությունն իր սեփականությունը հանդիսացող ցանցերը վերազինում եւ իր պոտենցիալը զարգացնում է բացառապես մեր` ՀՀ քաղաքացիներիս հաշվին: Ասել է թե` այդ ներդրում ասվածն այնքան էլ ներդրում չէ, եթե դրա համար ընկերությունը թանկացնում է իր ծառայությունը, տվյալ դեպքում էլեկտրաէներգիայի գինը: Փաստորեն, այս դեպքում ոչ թե ընկերությունը որոշակի ներդրում է կատարում եւ սպասում, որ այն ժամանակի ընթացքում ֆինանսապես արդարացվի, այլ պարզապես իր հաճախորդներից ավելի շատ գումար է հավաքում` դրա հաշվին վերազինվելով եւ չկպչելով սեփական եկամուտներին: Բայց այստեղ ցանկացած ազնիվ մարդու մոտ հարց է առաջանում. այդ դեպքում ո՞րն էր բաշխիչ ցանցերը մասնավորեցնելու իմաստը: Մի՞թե հնարավոր չէր, որ նույն սկզբունքով «ներդրումային ծրագիրն» իրականացներ ոչ թե որեւէ օտարերկրյա ընկերություն կամ հայազգի օլիգարխ, այլ պետությունը: Իհարկե հնարավոր էր: Պարզապես ինչպես ամեն ինչում, այստեղ եւս պետական շահն անտեր էր: Պետության դիրքերից հանդես եկողների համար առաջնային է անձնական շահը, դրա համար էլ առաջ չենք շարժվում:
ՆԵՐԴՐՎԱԾՆԵՐՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ