Երկար փնտրտուքներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել։ Իշխանությունը, «ժողովուրդ» օրաթերթի ունեցած հավաստի տեղեկություններով, սեփական քիմքին հարիր օմբուդսմեն ունենալու համար երկար է աջուձախ ընկել։ Մի քանի թեկնածուի, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելուց հետո՝ երեկ, հայտնի դարձավ, որ իշխանականները վերջապես գտել են ապագա ՄԻՊ-ին։ Նա արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմը, ում միջոցով էլ հայտնվել էր նախարարությունում։
Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանին իշխանությունները հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեսնել անգամ չեն ուզում, ու դա սոսկ այն պատճառով, որ նա ճիշտ ու երբեմն ցավոտ արձանագրում-հայտարարություններով է հանդես գալիս։ Թաթոյանին ասպարեզից հանելու մասին իշխանությունն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով առաջին անգամ հայտարարեց։ «Թաթոյանին մի քանի ամիս է մնացել»․ ԱԽՔ-ի հայտարարությունից հետո, իրար հերթ չտալով՝ ՄԻՊ-ին քննադատել սկսեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորները։ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը ֆիքսված է ՀՀ մայր օրենքում, եւ այլևս նա չի կարող առաջադրվել: Իսկ կարո՞ղ է արդյոք երիտասարդ փոխնախարարուհին հավակնել համայն հայության իրավունքների պաշտպանը դառնալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: