Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի ժամանակ ադրբեջանական դիրքում Լեռնային Ղարաբաղի բնակիչ է մահացել։ ՌԴ խաղաղապահների օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան: ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ: