Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթը կազմակերպած հանգանակության շրջանակներում արդեն 5,1 միլիոն դրամ գումար է հավաքել: Հիշեցնենք, որ «ՀԺ»-ն սկսեց դրամահավաքը, որպեսզի Հայաստանի երեք օլիգարխների «ախորժակը բավարարի», քանի որ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո, Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյով, եւ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ, դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «ՀԺ»-ի` պահանջելով 6 միլիոն 132 հազար դրամ: Օլիգարխները կարծում են, որ այդքան գումարը դատարանի միջոցով ստանալուց հետո կասկածի տակ դրված պատիվն ու արժանապատվությունը կվերականգնվի, եւ իրենք կդադարեն համարվել քրեական տարրեր, ինչպես նրանց անվանում էր ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանը: Սակայն իրողությունն այն է, որ նրանք դատի են տվել ոչ թե «ՀԺ»-ին, այլ հայ հասարակությանը, քանի որ ՀՀ քաղաքացիներն իրենց «բերանից կտրում», տանում, «ՀԺ»-ին գումար են տալիս` դատական ծախսերը հոգալու համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ