Երեկ Թալին խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին: Նշենք, որ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանը, որն իր ընտրությունը կատարեց հայրենի գյուղում՝ Աշնակում: ArmLur.am-ը Սափեյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը:
«Բավականին լավ է այս պահին ընտրությունները: Ընդհանուր ընթացքը նորմալ է, ժողովուրդն իր պարտքն է կատարում, ամեն ինչ նորմալ է»,- նկատեց Տավրոս Սափեյանը:
Ի դեպ, ընտրատեղամասերի փակվելուց հետո ArmLur.am-ը եղել է Տավրոս Սափեյանի նախընտրական շտաբում եւ հետեւել ընտրությունների հաշվարկի ընթացքին: Նշենք, որ Սափեյանի կողքին էր նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա առաջատար է: Վստահ եմ, որ գործընթացների ընթացքում ՔՊ-ն՝ ի դեմս Տավրոս Սափեյանի, Թալին խոշորացված համայնքը կղեկավարի: Ընտրություններն անցել են առանց լարվածության եւ ժողովուրդն իր խոսքը քվեարկության միջոցով ասաց»,- անկեղծացավ Սերգեյ Մովսիսյանը:
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է 5037 քաղաքացի: Այստեղ ՔՊ-ն հավաքել է 46.63 տոկոս ձայն: Այս նորոթյունը Սափեյանի նախընտրական շտաբում մեծ ցնծությամբ ընդունվեց:
«Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Հաղթեց մեր թիմը: Մեր ընտրողին կասեմ՝ 5 տարվա աշխատանքի թող տրվեն: Շատ աշխատանքներ կան Թալինում եւ համայնքներում: Մեր թիմին մաղթում եմ բուռն աշխատանք»,- հայտարարեց Տավրոս Սափեյանը՝ շնորհակալություն հայտնելով իր թիմին:
Հովսեփ Հովսեփյան