ՈՒՆԵՆՔ ԽՆԴԻՐ, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ վարկեր վերցնելով, արտաքին պարտքը մեծացնելով` կենսաթոշակները բարձրացնելը քարոզչական նպատակ է հետապնդում` նախընտրական շրջանին ընդառաջ: -Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի ավելացնել կենսաթոշակներն ու նպաստները, բայց այդ նպատակով վարկ են վերցնում՝ ավելացնելով արտաքին պարտքը: Նախընտրական քայլ չէ՞ այսօր սա՝ պարտք վերցնել ներքին խնդիրները լուծելու համար:-Դա նորություն չէ մեր պետության համար: Դրսից ասելով՝ նկատի ունենք միջազգային կազմակերպություններ, Համաշխարհային բանկ, արժութային հիմնադրամ: Տեւական ժամանակ է՝ նրանք վարկային քաղաքականություն են իրականացնում մեր պետության հետ, եւ այդ քաղաքականությունը շարունակվում է: Այսինքն՝ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել մեր քաղաքականության հետ: Կենսաթոշակների եւ նպաստների բարձրացումը հիմնականում պայմանավորված է 2012թ. պետական բյուջեում լրացուցիչ 100 մլրդ դրամի եկամուտներ ապահովելով: Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ կենսաթոշակների ու նպաստների բարձրացման համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ:-Բայց մի՞թե ճիշտ է արտաքին պարտքի հաշվին կենսաթոշակները բարձրացնելը, այսինքն՝ հաջորդ սերունդների վրա մեծ բեռ է ընկնում:-Արտաքին պարտքի մեծացումը որեւէ ձեւով չի կարող ազդել պետության ֆինանսական քաղաքականության վրա: Իհարկե, մենք ունենք խնդիր՝ արտաքին պարտքի չափի մեծացման հետ կապված, սակայն դա այն չափը չէ, որ կարող է համարվել անհանգստացնող:-Իսկ այդ բարձրացումն ի՞նչ է նշանակում՝ նախընտրական քարոզչական քա՞յլ, թե՞…-Շարունակվող պրոցեսներ են դրանք: Պետության որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է՝ պարբերաբար բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Անցած տարի մենք նույնպես բարձրացրինք կենսաթոշակներն ու նպաստները, 2012թ. համար եւս նախատեսել ենք բարձրացում: Սա չի կարելի դիտարկել նախընտրական ինչ-որ քարոզչություն: Պետության որդեգրած սոցիալական քաղաքականության արդյունք է:-Ի դեպ, Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործին հետեւո՞ւմ եք:-Իհարկե հետեւում եմ: Հիմա մեր կողմից բոլորովին նոր կառույց է ստեղծվում, կենսաթոշակառուների նոր բազա է ձեւավորվում՝ նոր շտեմարանով, ամբողջական գույքագրում է իրականացվում: Առաջիկայում նախատեսվում է օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ կատարել, ինչն էլ կբերի նրան, որ 2012թ. մահացածները, ՀՀ-ից բացակայողները կամ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող մարդիկ այլեւս թոշակ չեն ստանա: Կրկնում եմ՝ դրանք բացառվելու են:-Տարօրինակ չէ՞, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել արդեն մոտ 15 հոգու, բայց անձամբ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը դեռ որեւէ կարգավիճակ չունի:-Դա իրավապահ մարմինների խնդիրն է: Այդ հարցերով դիմե՛ք գլխավոր դատախազությանը, դա ինձ հետ չի առնչվում:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս