ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՆՈՎԵԼ՝ «ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Երկրորդ կյանք» 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը, որի գլխավոր հերոսներն են դերասան Վարշամ Գեւորգյանն ու դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը։

 

ArmLur.am-ի հետ զրույցում Վարշամ Գեւորգյանը պատմել է երկար ժամանակ հեռուստաէկարններին չերեւալու եւ նոր հեռուստաֆիլմի մտահղացման մասին: Մեր զրուցակցի խոսքով՝ նման հեռուստաֆիլմ ստեղծելու գաղափարը ծագել է դեռեւս երեք տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով նկարահանումները հետաձգվել են, եւ վերջապես հիմա նա հնարավորություն ունի ներկայացնելու հեռուստադիտողին:

««Երկրորդ կյանք» ֆիլմի մտահղացումն եղել է դեռ երեք տարի առաջ, եւ հանդես եմ եկել նման առաջարկությամբ, որպեսզի նկարահանենք հեռուստասերիալ բժիշկների մասին, որը դրական ձեւով ընդունվել է «Արմենիա TV»-ի կողմից, բայց տարբեր պատճառներով հետաձգվում էր նկարահանումները, եւ վերջապես ամենահարմար պահին «Արմեիա TV»-ից առաջարկեցին սկսել նկարահանումները, եւ ես մեծ ուրախությամբ ընդունեցի»,-ընդգծում է նա:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երեւանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաեւ անձնական կյանքը:

Հեռուստաֆիլմում խաղում են անվանի դերասաններ Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) եւ այլք:

ArmLur.am-ի հետ զրույցում  դերասանն անդրադարձել է նաեւ  տեւական ժամանակ հեռուստաէկրաններին չերեւալու եւ սեփական փրոդաքշնի մասին:

«Ճիշտն ասած, դադար չեմ նկատել, միշտ շարունակել եմ զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Իմ՝ դերասանի հիմնական գործառույթը թատրոնում աշխատելն է, եւ միշտ թատրոնում ունեցել եմ զբաղվածություն: Բացի այդ, դեռեւս 8 տարի առաջ հիմնեցի իմ սեփական «22 փրոդաքշն»-ը, որը զբաղվում է նկարահանումներով թե՛ գովազդային եւ թե՛ ֆիլմերի արտադրությամբ: Սկսեցի աշխատել նաեւ տեսախցիկի հակառակ կողմից, որն ինձ համար բավականին հաճելի աշխատանք էր»,- նշում է նա՝ հավելելով, որ շատ կոմերցիոն նկարահանումներ է կատարել, բայց հիմնական նպատակը եղել է ֆիլմ ստեղծելը:

Վարշամ Գեւորգյանի խոսքով՝ չնայած կորոնավիրուս համավարակին՝ ընկերների հետ հետ նախորդ տարի արել է իր առաջին քայլը. «Կորոնավիրուսի պայմաններում ստեղծեցինք ընկերներիս հետ մեր առաջին փոքրիկ ինտերնետային՝ «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմաշարը՝ 7 մասից բաղկացած, որից հետո արեցի իմ հաջորդ լուրջ փորձը՝ «Երկրորդ կյանք» 20-մասանոց հեռուստաֆիլմը, եւ մեծ հույս ունեմ, որ այն կհաջողի»:

Մեր զրուցակիցը եւս մեկ անգամ մեզ հետ զրույցում ընդգծում է, որ նրա  գլխավոր նպատակն է զբաղվել սեփական ֆիլմերի արտադրությամբ, ինչը թեեւ դժվար է, բայց անհաղթահարելի չէ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ 19-ՐԴ «ՀԱՅ ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ

«Սա ոչ թե ավարտն է 2021 թվականի, այլ սկիզբն է 2022-ի, որտեղ, հուսով ենք, կլինեն իրական ու կենդանի ձեւաչափով ներկայացումներ, արտասահմանից հյուրեր, լեփ-լեցուն դահլիճներ, ինչին բոլորս սովոր ենք»,- նշել է «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը՝ ամփոփելով այս տարվա փառատոնային օրերի արդյունքները։  19-րդ «Հայ Ֆեստը», որ անցկացվեց նոյեմբերի 21-ից 24-ը, աչքի ընկավ ժամանակակից կատարողական ձեւաչափերով ու նոր մոտեցումներով՝ առցանց ցուցադրություններ, ինտերակտիվ եւ VR ներկայացումներ, վարպետության դասեր, միջազգային կոնֆերանսներ, ցուցահանդեսներ եւ այլն։

Փառատոնի մեկնարկը տրվել էր հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդեսով: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացվել էին բացառիկ ցուցանմուշներ՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչեւ մեր օրերը։

 

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«Շին Անդ» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ընկերության՝ ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կառուցված «Սոլակ-2» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման հայտով: Առաջարկվող սակագինը` 26.204 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ):

Հեռ.՝ 095 096441: Հասցե՝ ՀՀ, ք.Երեւան, Այգեստան 11փ., 201 տուն:

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ-ոքի արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի տնային խաղում։ «Այսպես պատահում է ֆուտբոլում։ Ցավոք, արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում այսպես մեր թիմի հետ։ Նախորդ անգամ «Բարնլիի» դեմ խաղում էր, որը նույնպես ավարտվեց 1։1 հաշվով։ Ես բացարձակ գոհ եմ մեր խաղից, գերիշխում էինք առաջին րոպեից, ագրեսիվ էինք եւ անդադար գրոհում էինք։ Ցավոք, թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմը շատ կարգապահ ու վտանգավոր էր։ Երաշխավորել արդյունքը չենք կարող, բայց եթե շարունակենք խաղալ այսպես, մեր հաղթանակի շանսերը միշտ բարձր կլինեն»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։ «Չելսին» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 18 միավոր։ Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր: «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1: Ժորժինյո, 69, 11մ – Ջեյդոն Սանչո, 50:

 

 

 




Լրահոս