ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ԳԱՂՏՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով համառորեն շարունակում է չպատասխանել հեռախոսազանգերին, երեկ բավական բուռն է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթում նախօրեին հրապարակված լուրին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը հայ լրագրողներին ասել էր, թե ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն: Այլ կերպ ասած՝ ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հ.Նաղդալյանը եւս կողմ է քվեարկել այն հարցին, որի դեմ պայքարում էր հայկական պատվիրակությունը: Նշենք նաեւ, որ բյուրոն ԵԽԽՎ ղեկավար մարմին է, որտեղ ՀՀ-ն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ Հերմինե Նաղդալյանը:Եւ ահա երեկ նա հայտարարություն է տարածել՝ հերքելով ԵԽԽՎ բյուրոյում ԼՂ խնդրով ենթակոմիտեի վերականգնման հարցը քվեարկության դնելու փաստը: Նա նաեւ գրել է, թե ԵԽԽՎ բյուրոյի նիստում հայկական պատվիրակության անունից ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման մասին հանդես է եկել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ընթերցել պատվիրակության բոլոր անդամների ստորագրությամբ նամակը:ԵԽԽՎ հայկական պատվիրակության կոալիցիոն անդամներն էլ իրենց հերթին էին երեկ լծվել Նաղդալյանին սատարելու գործին. պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ենթահանձնաժողովի վերականգնման հարցը ԵԽԽՎ բյուրոյում քվեարկության չի դրվել` փոխարենը հիշեցնելով վերոնշյալ նամակը: Նույնը կրկնեց նաեւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Նա էլ ասաց, որ թեեւ ինքը չի եղել այդ նիստին, բայց գիտի, որ այդ ենթահանձնաժողովի վերականգնման հարցով քվեարկություն չի եղել: Իսկ թե նիստին ներկա չգտնվելով` նա որտեղից գիտեր այդ ամենը, պատգամավորը շտապեց պատասխանել. «Մարսում էլ չեմ եղել, բայց գիտեմ, որ այնտեղ կյանք չկա»: Թերեւս ճիշտ կլիներ՝ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուին ամեն նստաշրջանում ԵԽԽՎ կանոնադրությունը կարդալու մասին խորհուրդներ տալու փոխարեն Ն.Զոհրաբյանն անձամբ ինքը բարեհաճեր թերթել այն: Եւ այդ դեպքում կտեսներ, որ ԵԽԽՎ թե՛ հանձնաժողովներում, թե՛ բյուրոյում, կանոնադրության համաձայն, բոլոր հարցերն ընդունվում են քվեարկությամբ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ կոլեգիալ մարմնում որոշումներ այդպես են կայացվում: Ուշագրավը, սակայն, այս ամենի վերաբերյալ ԵԽԽՎ-ից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանն էր, որտեղ նրանք հաստատում են, որ ԵԽԽՎ բյուրոյում քվեարկվել է ենթահանձնաժողովի վերականգնման հարցը, ինչն ամեն կերպ հայկական պատվիրակությունը փորձում է հերքել: ԵԽԽՎ մամուլի գրասենյակից Անգուս Մակդոնալդը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան գրել է, թե ԵԽԽՎ բյուրոյի հանդիպումները եւ քվեարկության արդյունքները հրապարակային չեն, թեեւ, չնայած դրան, հրապարակային են կայացված որոշումները. «Բյուրոյի որոշումը հրապարակային է, բայց ոչ քվեարկության արդյունքները, որը կայացվել է այս որոշման համար»: Նշենք, որ բացի ԵԽԽՎ լիագումար նիստերից, մյուս բոլոր դեպքերում քվեարկությունները կատարվում են ձեռք բարձրացնելով: Այդպես եղել է նաեւ այս տարվա հունվարին կայացած բյուրոյի նիստը: Ավելին, երբ նախագահող Չավուշօղլուն հարցրել է՝ կա՞ն առարկություններ, ո՛չ տիկին Նաղդալյանը, ո՛չ էլ բյուրոյի որեւէ այլ անդամ ձայն չեն հանել: Այսինքն՝ բյուրոյի բոլոր անդամները համաձայնել են այդ հարցին: Ինչ վերաբերում է Դ.Հարությունյանի նամակին, ապա նա բյուրոյի անդամ չէ, եւ նրա կողմ կամ դեմ լինելը կամ առարկություններն առ ոչինչ են, եթե չի առարկում բյուրոյի անդամ Նաղդալյանը: Իսկ եթե հանքերի տիրուհի տիկին Նաղդալյանը չի հասկացել, որ պետք է այդ պահին առարկեր, որպեսզի հարցը միաձայն չընդունվեր, ապա դա արդեն մեր խնդիրը չէ: Թող մտածի Սերժ Սարգսյանը, թե ում է ուղարկում եվրապառլամենտ` ՀՀ հարցերը լուծելու: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս