ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ գործողություններ են Հայաստանի իշխանությունները ձեռնարկել 2008-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներից հետո. այս հարցը մինչեւ վաղը քննելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն։ Եռօրյա քննության նպատակն է պարզել, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանն ինչպես են արձագանքել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին եւ առաջարկություններին։ Հայաստանի դեպքում Ստրասբուրգը քննում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո տարբեր քրեական գործերով անցած ընդդիմադիր գործիչների, նաեւ առաջին նախագահի գործով Եվրադատարանի կայացրած վճիռները։

 

Ստրասբուրգյան դատարանը, քննելով 13 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին առնչվող գործերի դեմ բողոքները, կայացրել է մեկ տասնակից ավելի վճիռներ եւ սահմանել, որ Հայաստանի կառավարությունը խախտել է ընդդիմադիրների մի շարք իրավունքներ, այդ թվում՝ խոշտանգումների, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքները։ Եվրոպական դատարանն անցած երեք տարիներին վճիռներ էր կայացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա թիմակից Դավիթ Մաթեւոսյանի, առաջին նախագահի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, Աբովյան քաղաքում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի, ակտիվիստ Վարդգես Գասպարիի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ այլոց գործերով՝ Հայաստանի կառավարության առջեւ սահմանելով որոշակի պարտավորություններ։

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում նշվում է, որ դեռ 2020-ին Հայաստանի կառավարությունը Ստրասբուրգին տեղեկացրել է, որ ընդդիմադիր գործիչներ Սմբատ Այվազյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Վարդգես Գասպարիի գործերով հատուկ ձեռնարկումների կարիք չկա, բացի արդար փոխհատուցումը։

Ստրասբուրգի դատարանի առաջարկություններին ի պատասխան` Հայաստանի կառավարությունը նշել է, որ, բացի փոխհատուցումներից, անցած տարիների ընթացքում ընդդիմադիր գործիչներից շատերը արդարացվել են, իսկ Մուշեղ Սաղաթելյանին խոշտանգելու դրվագով այժմ քննություն է ընթանում։

Հայաստանի կառավարությունը նաեւ ընդգծել է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով սահմանվել է վնասի հատուցումը պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների դեպքում, նաեւ կատարվել են օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով խոշտանգումների դրույթը։ Նոր քրեակատարողական հիմնարկ է կառուցվել Արմավիրում, բարելավվել են բանտային պայմանները, հարցաքննության սենյակներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, նաեւ կոնկրետացվել են ազատությունից զրկելու ժամկետները։

Ն. Պ.

 

 

 

ՏԱԹԵՎ-ԱՂՎԱՆԻՆ՝ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Ես ենթադրում եմ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցածր գնով են վառելիքը վաճառելու, հետեւաբար իրանցի վարորդները, եթե հայկական կողմը չխոչընդոտի նրանց մտնել այդ ճանապարհ, կգնան, այնտեղ կլիցքավորեն մեքենաները: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ հայտնի է, որ Իրանում վառելիքն ավելի էժան է, եւ իրանցի վարորդները Հայաստան մուտք գործելիս թաքստոցների մեջ պահում են վառելիք. «Մեր մաքսավորները երբ հայտնաբերում են վառելիքը, պարտադրում են, որ թափեն: Այս դեպքում իրանցիները կարող են թեքվել դեպի Գորիս-Կապան ճանապարհ, որ ադրբեջանական բենզալցակայանում լիցքավորեն իրենց մեքենաները: Նա նաեւ տեղեկացրել է, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհը մշտապես խցանումների մեջ է, եւ եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, ապա այնտեղ արգելափակվում են բոլորը, եւ հոսքի մեծացման պատճառով այդ հատվածը 2-3 ժամում են անցնում:

 

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ՉԵՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ծրագրվում է հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Նա նշել է, որ, ի թիվս այլնի, կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։ Կրեմլն՝ ի դեմս խոսնակ Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ մենք դիտարկում ենք, թե ինչպես է թուրքական մամուլը արձագանքում այս հայտարարություններին։ Նախատեսվում է հեռախոսազրույց մեր ղեկավարների միջեւ։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն»,-ասել է Լավրովը։

 

 

ԿՐՃԱՏՎԵԼ Է

Հայաստանում 2020 թվականին կրճատվել է տղամարդկանց եւ կանանց կյանքի միջին տեւողությունը: Բացի այս, շարունակվել է նաեւ ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին տղամարդկանց համար ծննդյան պահից նվազել է կյանքի սպասվող տեւողությունը: 2020 թվականի ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 78.6 տարի՝ 2019 թվականի 79.5 տարվա համեմատ, ինչը, սակայն, ավելի երկար է, քան 1961/62թ.-ին, երբ նրանց կյանքի միջին տեւղությունը կազմում էր 73.6 տարի, կամ 1980/81թ.-ին, երբ այն 76.2 տարի էր: Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդկանց կյանքի սպասվող տեւողությունը 2020 թվականին կազմել է 68.4 տարի՝ 2019-ի 73.1 տարվա համեմատ. նվազել է 4.7 տարով:

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կիմա Արզումանյանին  նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը Ռուբեն Խլղաթյանին մեղադրում է հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսեւորվել է նրանում, որ նա Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ խմբով փորձել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Նոյեմբերի 22-ին այս գործով որոշում էր կայացվել, եւ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան: Դատարանում եւս ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Այս քրգործը մակագրվել էր դատավոր Հրաչյա Մեխակյանին, որն էլ ինքնաբացարկ է հայտնել, ասել է թե՝ հրաժարվել է քննել այս քրգործը: Իսկ ինչո՞ւ. Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դուստրը՝ Սիրանուշ Ռուբենի Խլղաթյանը, հանդիսանում է նախագահող դատավոր Հրաչյա Մեխակյանի կինը, ուստի նկատի ունենալով, որ նշյալ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ եւ անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել նախագահող դատավորի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ՝ դրանով իսկ կասկածի տակ առնելով նաեւ քրգործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը եւ քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը՝ գտնում է, որ Ռուբեն Խլղաթյանի եւ Գագիկ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով պետք է հայտնել ինքնաբացարկ եւ այն մակագրել այլ դատավորի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին:

 

 

ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄ

Ինչպես ասում են, փոխվում են ժամանակները, փոխվում են բարքերը: Վերոնշյալ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը մոտ երեք տարի առաջ էր արել՝ Ալավերդիում խորհրդրարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Բայց ինչպես մյուս բոլոր հայտարարությունների դեպքում, այս անգամ եւս երկրի առաջին դեմքի ասածն ու իրականությունը հակասում են միմյանց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրեր առաջ է սահմանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ՝ 2022թ. համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, մյուս բաժանորդների համար՝ 200 դրամ: Գնային փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, սակայն, առաջիկայում հանձնաժողովում պետք է նիստ գումարվի, որտեղ կքննարկվի «Վեոլիա ջրի» հայտն ու հանձնաժողովի առաջարկը, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշումը։ Բաղրամյանի ասածին ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն է հավելում՝ հուսադրելով, թե միջին վիճակագրական ընտանիքի վրա ջրի գնի թանկացումը շատ թանկ չի արժենա: Նախկիններին անհարկի թանկացումների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր, փաստորեն, գազի, էլեկտրաէներգիայի, պարենային ու կենսական նշանակության մի շարք ապրանքների թանկացումից հետո այժմ էլ ջուրն է թանկանում:

 




Լրահոս