ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇՈՐԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  32-ամյա տղամարդու կողմից 12 եւ 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում  կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները:

 

Մասնավորապես, քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն  ընդամենը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետեւ երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել եւ ուղարկել իրեն: Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան: Այնուհետեւ, երեխայի մասին արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի եւ «IDram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչեւ գումարի ստանալը «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ եւս: Մասնավորապես, քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է նաեւ, որ նույն տղամարդը, հաստատապես իմանալով, որ «Tiktok» սոցիալական ցանցի միջոցով իր հետ ծանոթացած անձը 17 տարեկան է, իսկ վերջինիս եղբայրը՝  ընդամենը 10 տարեկան, շահագրգռել է նրանց մտացածին խաղով՝ ստելով, թե հիշյալ խաղի  պահանջները կատարելու դեպքում նախատեսվում են պարգեւատրումներ: Եղբայրները, ենթարկվելով իրենց ներկայացված խաղի կանոններին, կատարել են անառակաբարո գործողություններ, այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել եւ «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել են տղամարդուն, որոնք նա պահել է իր բջջային հեռախոսում եւ արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ավագ եղբորից պահանջել է գումար: Սակայն տեսնելով, որ պատանին հրաժարվում է պահանջված գումարը վճարել, զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես ոստիկան եւ հայտնելով, թե խաղի կանոնները խախտելու խնդրով իրեն դիմել է «Tiktok» սոցիալական ցանցում խաղի կազմակերպիչ անձը, բողոքը չեղարկելու նպատակով պահանջել է գումարը փոխանցել իրեն: 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ն. Պ.

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՍՊ ընկերության տնօրենը ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու եւ գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առեւրային գործունեություն իրականացնելու պատրվակով, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ ունեցած վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը եւ վերջինիս քրոջը, գրավ դնել եւ ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին:

 

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու եւ գործողությունները քողարկելու նպատակով ՍՊ ընկերության տնօրենը կազմել եւ իր ընկերոջը, նրա կնոջն ու վերջինիս քրոջը ներկայացրել է թղթյա բաժակների եւ այլ առարկաների վրա տպագրության համար նախատեսված հաստոցներ ձեռք բերելու եւ շահագործելու վերաբերյալ գործարար ծրագիր՝ պատրանք ստեղծելով, որ իր կապերի շնորհիվ իրացման հետ պայմանավորված որեւէ խնդիր չի առաջանա, իսկ ստացված շահույթը կբավարարի վարկը ժամկետից շուտ մարելու, ինչպես նաեւ այդ ընթացքում խոշոր եկամուտ ապահովելու համար։

ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշին պատկանող գույքային իրավունքի օտարումից ակնկալվող ֆինանսական միջոցներն իր վերահսկողության տակ պահելու եւ հետագայում տնօրինելու նկատառումներից ելնելով, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը եւ փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257.000.000 ՀՀ դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից: Այնուհետեւ ընկերոջը կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ բանկը բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված փոքր չափով վարկից, իսկ գույքը չի գրավադրել։

39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող հիշյալ գույքը հանդիսանում է գրավի առարկա, ՍՊ ընկերության տնօրենից պահանջել են ազատել արգելանքից եւ վերադարձնել այն, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով փորձել է ժամանակ շահել: Այնուհետեւ գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս գույքը գրավից ազատելու ընձեռնված հնարավորությունն ընդունել է իրական, եւ 2014թ. օգոստոսի 14-ին հաջորդող գրավի պայմանագրով նշված գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊ ընկերության տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257.117,58 ԱՄՆ դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետեւ չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքից։

ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Ինչպես հայտնի է, Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով օրերս կոմիտե էին հրավիրվել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը եւ Իսրայել Հակոբկոխյանը ու անակնկալի եկել Քննչական կոմիտեի որոշումից:

Բանն այն է, որ հունվարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջեւ, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։ Նախաքննական մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով, եւ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել էին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Եվ, ահա, ամիսներ անց Կոմիտեն որոշել է ավելի խիստ գտնվել եւ նրանց մեղադրանք ավելի է խստացրել: Արդյունքում նախաքննական մարմինը մեղադրանքը խստացնելուց հետո նախաքննության ավարտ է հայտարարել քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան: Արագած Ախոյանին, Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք փորձել են իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ Սույն դատավորը բավարարեց քննիչի՝ դեռեւս 2020թ. նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է»,- գրել է Պողոսյանը։

 

 




Լրահոս