Բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիներ, չունենալով մշտական աշխատանք եւ եկամտի աղբյուր, աշխատանք փնտրելու նպատակով միասին մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում եւ ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
Վերջիններս վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, պահել եւօտարերկրյա պետության ինքնությունը դեռեւս չպարզված ներկայացուցիչներին հանձնել են պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի եւ միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի եւ միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաեւ կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային եւ արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ եւ ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման եւ հետագա առաջխաղացման համար՝ այդկերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն»,-նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է հետեւողական պայքար տանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման եւ խափանման ուղղությամբ եւ նախազգուշացնում է, որ ձեռնարկելու է գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
ՕՄԻԿՐՈՆՈՎ ԱԽՏԱՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 եւ բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Հարկ է նշել, որ`
կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած եւ առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,
COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած եւ առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով,
կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության եւ գրավոր համաձայնության: Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։ Մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը: Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։
Ն. Պ.
ՈՐԴՈՒ ԴԱՏԸ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդուն՝ 1977թ. ծնված, բարձրագույն կրթությամբ, նախկինում դատված, դատվածությունը մարված Ռոբերտ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, քարերով եւ դանակով հարվածել է Ազատամուտ գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանի վարած «ՎԱԶ-2124» ավտոմեքենային՝ վնասելով առջեւի հողմապակին, շարժիչի ծածկոցը, առջեւի աջ դռան վերին հատվածը, պատճառելով ընդհանուր 84 հազար դրամի գույքային վնաս։ Բացի այդ, նա 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ է հնչեցրել խաղաղ հավաքին մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել է հասարակության անդամների՝ խաղաղ հավաքին ազատ մասնակցելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, որը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով։ Ռ. Մարտիրոսյանը նշված հավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու կասկածանքով եւ այլ հնարավոր իրավախախտումներ կատարելը կանխելու նպատակով ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանի հրահանգով ժամը 10:00-ի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ բերման ենթարկվելու ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ Գ. Միրզոյանի նկատմամբ՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան։ Այնուհետեւ Ռ. Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, իրենց թաղամասում Շահնազար Ալավերդյանին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իրենց ընտանիքին պատճառված գույքային վնասը հետ ստանալու դիտավորությամբ, սպառնալով, որ նրան կսպանի, պահանջել է 2015թ. իրենց խանութից կատարված գողության հետեւանքով պատճառված 45 միլիոն դրամ գումարի վնասը։ 2021թ. հունվարի 27-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածի 1-ին մասով եւ 34-322 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Քրեական գործով մեղադրող Վասիլ Սարգսյանը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, որով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, նշանակել ազատազրկման ձեւով արդարացի պատժաչափ՝ Ռ. Մատիրոսյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանում սույն գործով հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ