Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կապանի ընտրությունների ժամանակ որպես «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Դանիելյանն ասում է, որ Կապան-Ճակատեն ճանապարհը երկու ուղղությամբ է կառուցվում, մեկը՝ չդիտարկվող, մյուսը՝ դիտարկվող: Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել էր, որ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է, իսկ բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։ Պատգամավորի Դանիելյանի փոխանցմամբ՝ Ճակատենի ուղղությամբ վերակառուցվող երկու ավտոճանապարհի վրա այժմ գրունտային աշխատանքներ են տարվում:
-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ կասեք Ճակատենի ուղղությամբ կառուցվող ճանապարհի մասին: Ձեր կարծիքով՝ անվտա՞նգ է այն:
-Այդ ուղղությամբ կառուցվում է երկու ճանապարհ՝ մեկը՝ չդիտարկվող, մեկը՝ դիտարկվող: Երկու ուղղությամբ էլ հիմա կատարվում են գրունտային աշխատանքներ:
-Այսինքն՝ Գորիս-Կապան այլընտրանքային երկո՞ւ ճանապարհ է կառուցվում:
-Խոսքը Ճակատեն-Կապանի մասին է:
-Այսինքն՝ այդ ուղղությամբ երկո՞ւ ճանապարհ է կառուցվում:
-Ոչ թե երկու ճանապարհ է, այլ մի ճանապարհ է, բայց երկու ուղղությունով միանում ես նույն ճանապարհին: Գրունտայինը երկու տարբեր շրջանցող տեղեր ունի: Ձմռանն անհնար է լինելու այդտեղով երթեւեկել:
-Իսկ այդ երկրորդը՝ այդ շրջանցիկը, արդյոք դո՞ւրս է ադրբեջանցիների թիրախավորումից:
-Այո, նրանց կողմից բացարձակ չի դիտարկվում, մյուս կողմում կա որոշակի ռիսկ:
-Ինչքան էլ հասարակությանը այդ տեղեկությունը տրամադրվի, միեւնույնն է, մարդիկ անակնկալի են եկել, հատկապես՝ 44-օյա պատերազմից հետո: Բարոյահոգեբանական առումով այս ամենն ինչպե՞ս է ազդել տեղացիների վրա:
-Դե, տեղացիների վրա դա բարոյահոգեբանական առումով լավ չի ազդել, բայց, իմ կարծիոքվ, մեր քաղաքացիները գիտակցում են մեր աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ իրականում փորձում են կանգնել այն պատասխանատու մարդկանց կողքին, որոնք կարող են ճիշտ լուծումներով մեր քաղաքացիներին դուրս բերել այս իրավիճակից: Ես բարձր եմ գնահատում, որ քաղաքացիները շատ բարձր գիտակցվածություն ունեն եւ անկանոն գործողություններ չեն անում՝ գիտակցելով, որ այս ամեն ինչը կհաղթահարենք:
-Ի՞նչ նկատի ունեք՝ անկանոն գործողություններ ասելով:
-Մեզ հետ համագործակցում են այս դժվարին իրավիճակում: Հիմա ճանապարհի խնդիր կա Ճակատենի ուղղությամբ, քաղաքացիները մեզ հետ համագործացում են, ինչ խնդիր լինում է, արագ հասնում ենք թե՛ մեր միջոցներով, թե՛ պատկան միջոցներով, թե՛ մարդկանց հետ շփման միջոցներով: Իրենց շատ պատասխանատու են պահում, ինչը ողջունելի է:
-Կառավարությունը հայտարարում է, որ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը վերանորոգվել, ավարտվել է նոյեմբերի ամսվա վերջին, շահագործման է հանձնվել, մեր գործընկերներն էլ լուսանկար ու տեսանյութեր են տեղադրում, որտեղ տեսնում ենք, որ ցեխոտ, քարքարոտ, գրունտային եւ հաճախ դժվարանցանելի վիճակներ են: Հիմա իրականությունը ո՞րն է: Այդ ճանապարհին կա՞ն ոչ այդքան երթեւեկելի հատվածներ:
-Տաթեւ-Աղվանի եւ Կապան ուղղության ճանապարհն ամբողջովին ասֆալտապատ է, իսկ Պարսավանի եւ մի քանի գյուղերի ուղղությամբ ճանապարհներին գրունտային աշխատանքներ են տարվում, եւ, իհարկե, եթե անձրեւ է գալիս, ցեխ է լինում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա:
Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել. «Մինչ այժմ քանի՞ անձ է մահացել կորոնավիրուսից: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020-ին մահացել է 3545 անձ, իսկ ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի` 2828 մարդ: Բացի այդ, նախարարության հրապարակած մահվան թվերը միայն Covid բաժանմունքների հավաքագրած տվյալներն են, եւ դուրս են մնացել այլ հիվանդանոցներում կամ տներում արձանագրված մահվան դեպքերը»: Նախարարի՝ թե՛ երեկ Փաշինյանին, թե՛ ամիսներ առաջ Թովմասյաին տված պատասխանը իրարից բացառապես ոչնչով չէր տարբերվում: Ավանեսյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինները դեռ քննություն են տանում: «Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է Առողջապահության նախարարության՝ էլեկտրոնային համակարգ մուտք արված դեպքերի եւ մահվան վկայականները տրամադրող կառույցների` զագսերի միջեւ եղած տարբերությունները»,- նշում է Ավանեսյանը:
Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, հղում է անում հենց այն թվերին ու վիճակագրությանը, որոնք պատգամավոր Թովմասյանն էր ներկայացնում: Ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաեւ գլխավոր դատախազությունում կքննվի:
«Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է՝ պարզել, թե արդտեղ որեւէ չարամտություն եղել է, թե չի եղել: Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,- ասում է գործադրի ղեկավարը:
Covid-ից մահվան իրական թվերի վիճակագրության մասին ArmLur.am-ը նույնպես օրերս՝ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, Ավանեսյանին հարց էր ուղղել: «Ի վերջո, ե՞րբ են ի մի բերվելու Վիճակագրական կոմիտեի ու ԱՎԾ-ի տվյալները»,- հարցրել էինք նրան:
Նրա՝ մեզ տված պատասխանը նորից նույնն էր, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները, իսկ արդյունքների մասին հրապարակում կլինի:
Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որեւէ մեկի համար տեսանելի չէ։ Ի՞նչ է ստացվում. փաստորեն, մինչ օրս մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականությանը չի համապատասխանում, ու հարցն արդեն անգամ վարչապետ Փաշինյանին է անհանգստացնում:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր: ՀՀ կառավարությունը, հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրությամբ պայմանավորված, ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը: Եւ հաշվի առնելով նշվածը՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացվող 13.3-րդ հոդվածն առաջարկում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր, նշվում է սեպտեմբերի 27-ին»։
ԱՋԱԿՑՈՒՄ Է
ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության եւ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղրաաբաղին, մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ ուղղված խաղաղության հաստատմանը»,- նշել է եվրոպացի գործիչը:
ԸՆԴՀԱՏՎԵԼ Է ՍԻՆՈՖԱՐՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը CՕVID-19-ի կանխարգելման նպատակով պատվաստանյութեր ձեռք բերելու համար գումար կհատկացնի Առողջապահության նախարարությանը: Խոսքը 1 մլրդ 453 մլն 500 հազար դրամի մասին է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախարարությունն այդ գումարով նախատեսում է 400 հազար դեղաչափ Սինոֆարմ ընկերության պատվաստանյութ ձեռք բերել: Ըստ Առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 31-ին հանրապետություն ներկրված 400 հազար դեղաչափ Սինոֆարմ պատվաստանյութը միջին օրական 15000 դեղաչափ ծախսի դեպքում բավականացրել է մինչեւ նոյեմբերի վերջ, որից հետո դիտվել է պատվաստանյութի մատակարարման ընդհատում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի պետական բյուջեի՝ Հայաստանի Հանրապետությունում COVID կանխարգելմանն ուղղված՝ պատվաստանյութի ձեռքբերման միջոցառման շրջանակներում հատկացված 5 մլրդ 5 մլն 608 հազար դրամից փաստացի ծախսվել է 4 մլրդ 984 մլն 598 հազար դրամը 1 մլն 190 հազար 790 դեղաչափ պատվաստանյութ (Asra Zeneka, Sputnik-V, Sinophm) ձեռք բերելու համար: