ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Պարզվել է, որ համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը Արարատի մարզի բնակիչ է:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հունիսից մինչեւ 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» եւ «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր: Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի՝ «Սարգիս Կարապետյան»:
Գործարարի համբավն այդկերպ օգտագործելու միջոցով իր՝ որպես վստահելի անձնավորություն տպավորությունն ապահովելուց հետո նշված կեղծ էջով նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ, ասել, որ Հայաստանում իրականացնում է տարբեր խոցելի խմբերի աջակցության բարեգործական ծրագրեր:
Համացանցային նամակագրության սկզբնական շրջանում օգտատերերի մոտ թողնելով դրական տպավորություն եւ նրանց մոտ ստեղծելով կեղծ վստահություն՝ շփումների ընթացքում հայտնել է, թե իբրեւ իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ծառայեցնելու նպատակով նախատեսված, իբրեւ իր մոտ եղած դրամական միջոցներն անկանխիկ կերպով օգտագործելու հետ կապված առկա են տեխնիկական խնդիրներ, եւ քանի որ այդ ծախսերն իրենցից մեծ գումարներ չեն ներկայացնում, որոնք իր մտերիմներից խնդրելու դեպքում իր համար անհարմար եւ անցանկալի իրավիճակ կստեղծվի, վերադարձնելու «խոստումով» խնդրել է «Idram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին փոխանցել գումարներ: Օգտատերերը, կեղծ տվյալներով ու անձնական նամակագրության արդյունքում ստացած «դրական» տպավորությամբ պայմանավորված, ինչպես նաեւ վստահ լինելով, որ շփվում են գործարարի որդու հետ, վերջինիս կողմից նշված հաշվեհամարներին պարբերաբար փոխանցել են տարբեր չափերի գումարներ:
Այնուհետեւ բարեգործության իրականացման պատրանքն ապահովելու համար նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդկերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ նախնական տվյալներով՝ 1.702.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ եւս:
Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր կեղծ էջով հաստատված նամակագրության ընթացքում ձեւավորված վստահության արդյունքում կին օգտատերերից մեկին հայտնել է նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, սիրահետել է նրան եւ շարունակելով նամակագրությունն իբրեւ գործարարի որդի՝ կնոջը խնդրել է ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Վերջինս, հայտնվելով տղամարդու ծուղակում եւ գտնվելով մոլորության մեջ, ուղարկել է իր կիսամերկ տեսագրությունը, իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը, եւ հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին եւ վերջիններիս ծնողներին:
Կինը, գտնվելով անելանելի վիճակում, իր կյանքին վերջ տալու նպատակով օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար, ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել: Վարույթն իրականացնող մարմնի եւ ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 144-րդ հոդվածով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
300 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակներում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության ու համադրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ ՀՀ-ում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99,635,200 եւ 131,179,315 ՀՀ դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0,28 հա հողատարածքով եւ 9766,2 քմ մակերեսով արտադրամասն իր 1,28 հա հողատարածքով. տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Նշված կազմակերպության համահիմնադիրները, նախնական համաձայնության գալով վերոնշյալ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տնտեսվարող կազմակերպության աշխատակիցների հետ, օգտագործելով հիշյալ կազմակերպությունում իրենց հեղինակությունը, կառավարման մարմինների հետ ունեցած հարաբերությունները, չարաշահել են նրանց վստահությունը եւ ազդելով նրանց գիտակցության վրա՝ մոլորեցնելու եղանակով համաձայնություն են ստացել վերջիններից իրենց կողմից ձեռք բերված անշարժ գույքն իրենց ցանկալի արժեքով այդ կազմակերպությանը վաճառելու վերաբերյալ: Այնուհետեւ կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99,635,200 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը՝ 165,260,400 ՀՀ դրամով, իսկ 131,179,315-ը 398,739,600 ՀՀ դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդկերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334,185,485 ՀՀ դրամը:
Միաժամանակ, նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017 թվականին Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման եւ համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի շինությունները եւ դրանք տեղափոխել այլ վայր:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում է՛լ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն եւ մյուս գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։
«Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույնկերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։
Դիտարկմանը, թե պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այն է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, Թաթոյանն արձագանքել է. «Ես այս մոտեցումը համարում եմ բացարձակ անթույլատրելի, եւ շատ դատապարտելի են այն պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք ասում են՝ դա ադրբեջանական տարածք է։ Դրանք մարդու իրավունքների խախտումների հիմքը դնող հայտարարություններ են, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անել, հատկապես երբ ո՛չ դելիմիտացիա է տեղի ունեցել, ո՛չ դեմարկացիա»,- ասել է նա՝ նշելով, թե դիտարկելով միայն ռազմական-քաղաքական հարցերը՝ սահմանափակում ենք պետության հնարավորությունները։
«Միջազգային չափանիշների ոսկե կանոններից է՝ եթե սահմանների որոշման արդյունքում խաթարվում է բնականոն կյանքը, անգամ՝ ավանդույթները, ապա ամբողջ գործընթացը պետք է զրոյանա։ Ադրբեջանական զինված ուժեր այս տարածքներում չպետք է լինեն, մարդու իրավունքների միջազգային պահանջներ կան, որոնք կոնկրետ ասում են՝ այս վիճակը միջազգային տեսանկյունից անթույլատրելի է»,-ասել է նա։