ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎ ԻՆՉ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԻ (ՄԱՍ 2)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, պայմանավորված համավարակով եւ ներքաղաքական իրավիճակով, ակտիվորեն սկսել են ոչ միայն արտագաղթել, այլ նաեւ զբաղվել բիզնես ոլորտով՝ մեծացնելով սեփական եկամուտները: Կարճ ասած, Քովիդը սովորեցրեց նրանց զբաղվել բիզնես գործունեությամբ:

 

Այսպիսով, ArmLur.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել էր բիզնեսմեն հայտնիներից մի քանիսին,  եւ այսօր կրկին առիթ ունենք լրացնելու նրանց շարքը:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը դեռեւս նախորդ տարի հիմնել է իր սեփական մանկական գլխարկների փոքրիկ բիզնեսը: Անուշիկ Ալավերդյանի՝ մանկական գլխարկների բրենդը կոչվում է 60s.child:

Երգչուհի Նունե Եսայանը, որը հայկական շոուբիզնեսի առաջին կին բիզնես լեդիներից է, ունի գեղեցկության սրահ:

Հայտնի ռաբիս երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղեւոնդյանը, հենց Երեւանի սրտում այս համաճարակային իրավիճակում ժամանցային ակումբ է բացել՝ «Armani music hall»:

Աստղային զույգերից Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հիմնել են սեփական տուրիստական ընեկերություն:

Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը դեռեւս 2013 թվականին բացել է իր սեփական հագուստ խանութ-սրահը, որը մասնաճյուղ ունի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Սննդաբան Լիլիթ Բասյանը բացել է իր սեփական ռեստորանը՝  blackcoal.dietic, որտեղից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն չգիրանալու:

Աստղային զույգերի բիզնես շարքը շարունակում է համալրել Նարբե Պողոսյան եւ Աստղիկ Ալավերդյան զույգը: Զույգն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է սեփական հագուստի արտադրությամբ եւ ներկայացնում են «Elegant» հագուստի խանութ-սրահների ցանցը:

Շարքը շարունակում են Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը: Զույգն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է բիզնես գործունեությամբ: Ունեն սեփական ռեստորանը, որը կոչվում է palatka-garden, եւ զբաղվում են գեղեցիկ միջոցառումների կազմակերպմամբ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՐՔԸ

Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Մրցույթն անցկացվել է առցանց ձեւաչափով:

«Կարմիր»-ը մեր երկրից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Այն հաղթել է ընթերցասերների քվեարկության արդյունքում:

«Շատ ուրախ եմ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»: Ու քանի որ այն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար: Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,- նշում է Հովիկ Աֆյանը։

«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում է՝ պատերազմները փոխում են ամեն ինչ, նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

 

 

«ԳԻՇԵՐՆԵՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ»

Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները՝ Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար, Հայաստանում առաջին անգամ կհնչի: Համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իսպանական թավ գույներով հագեցած ստեղծագործությունը կկատարի դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Իսպանական ժողովրդական մոտիվներով գրված այս գործը համարվում է Մանուել դե Ֆայայի ստեղծագործական գագաթներից. այստեղ կոմպոզիտորի տաղանդն ու անհատականությունը դրսեւորված են ամբողջ ուժով՝ արտացոլելով հեղինակի ամենաթանկ զգացումներն ու ազգային ակունքները։  Համերգի երկրորդ մասում կհնչի Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։ Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

 

 

ԴՈԼԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

«Յունիբանկ»-ը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

 

 

 

ԲՈՆՈՒՍ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 8,5 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս կվճարի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, եթե նա կարողանա թիմ բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին. հաղորդում է  Daily Express-ը։ Եվրոպայի գրեթե բոլոր հարուստ ակումբները ցանկանում են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, քանի որ հաջորդ ամռանը նրա պայմանագրով սահմանված հրաժարագինն ընդամենը 75 միլիոն եվրո է։ Էրլինգ Հոլանդին գնելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

 

 

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ

Transfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։ Ցուցակի առաջատարի դիրքը պահպանել է «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ում արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Երկրորդը «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, որն իր տրանսֆերային արժեքում կորցրել է 500 հազար եվրո (1,8 միլիոն եվրո):

Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են պաշտպան Նուրալի Ալիպը («Կայրաթ») եւ «Տոբոլի» հարձակվող Իգոր Սերգեեւը (1,7-ական միլիոն եվրո)։ Ըստ թարմացված ցուցանիշների՝ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով եւ այս պահին կազմում է 900 հազար եվրո։ Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝

Տիգրան Բարսեղյան՝ «Աստանա»-2,5 մլն եվրո,

Կամո Հովհաննիսյան՝ «Կայրաթ»- 900 հազար եվրո,

Սոլոմոն Ուդո՝ «Աթիրաու»- 350 հազար եվրո,

Գեղամ Ղադիմյան՝ «Կայսար»- 250 հազար եվրո,

Արտակ Դաշյան՝ «Աթիրաու»- 200 հազար եվրո,

Արամ Հայրապետյան՝ «Աթիրաու»-100 հազար եվրո:




Լրահոս