Տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար իշխանություններն անում էին հնարավոր ամեն բան, բայց թե՛ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին, թե՛ երեկ՝ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ հունսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ անց քաղաքացիները, այնուամենայնիվ, իշխանության նկատմամբ վերաբերմունքը փոխել են: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորների միջոցով էր աջակցում տեղական մարմինների իրենց թեկնածուներին:
Այսպես՝ պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Մովսիսյանը ակտիվորեն տարբեր համայնքներ էին այցեում ու իրենց աջակցությունը հայտնում, օրինակ, Գավառում առաջադրված Նարեկ Գրիգորյանին, Վարդենիսում՝ Արամ Մելքոնյանին, Թալինում՝ Տավրոս Սափեյանին ու այլոց:
Նոյեմբերի 14-ին Կապանում անցկացված ընտրությունների քարոզարշավին էլ, օրինակ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էին ակտիվորեն մասնակցում: Բայց ո՛չ Խաչատրյանի, ո՛չ էլ Պապիկյանի ներկայությունը Կապանում իշխանության համար հաղթանակ ապահովելու գրավական չեղավ, ու գործող համյանքապետ Գևորգ Փարսյանը վերընտրվեց:
Գավառում ու Վարդենիսում տեղի թեկնածուներին հաճախ էր այցելում ու աջակցում նախկին մարզպետ, այժմ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Աբովյանում ՔՊ-ի թեկնածու Պավել Ցուգունյանին աջակցում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պերոսյանը:
Վեդիում՝ Արարատի նախկին մարզպետ, Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի կողքին էր նրա համագյուղացի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նշված բոլոր համայնքներում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բացարձակ հաղթանակ չի տարել, իսկ Գավառում, օրինակ, պարտություն է կրել: Այս պատկերը գնահատական է նաև այն պատգամավորների ու կուսակցականների համար, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ աջակցում էին ՔՊ-ական թեկնածուներին: Բացի իրենց գովերգելն ու նախկիններին քննադատելը՝ ՔՊ-ական պատգամավորները, փաստորեն, նախևառաջ իրենց իսկ արածն ու չարածը ճիշտ գնահատելու խնդիր ունեն:
Սևակ Վարդումյան