Զբոսաշրջության ցուցանիշն աճել է 88.2 տոկոսով․ որ երկրներից է ավելի շատ զբոսաշրջիկ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանել է 609 հազար 775 զբոսաշրջիկ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է՝ 324 հազար 590: Թեեւ Covid-19-ը ու 44-օրյա պատերազմն իրենց բացասական հետեւանքները թողել են զբոսաշրջության ոլորտի վրա, բայց այնուամենայնիվ, զբոսաշրջության ցուցանիշն աճել է 88.2 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 441 հազար 270 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է՝ ՀՀ-ում հյուրանոցների ծառայությունների սակագները բարձր են, այդ իսկ պատճառով 20 հազար 168 հազար 505 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել: Ի դեպ, 2021-ի 9 ամիսների տվյալներով՝ Հայաստան այցելել են հիմնականում Ուկրաինայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից:

ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 1900-ով պակասել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 400 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին ամիսներին՝ 39 հազար 500: Բացի այս, ուղիղ 1000-ով պակասել են Ֆրանսիայից, 3300՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 400-ով պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Վրաստանից մեր հանրապետություն այցելել է 1600 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարվա 9 ամիսներին 300-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 12 հազար 500: Եթե 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելել է 6400 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 12 հազար 500: Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է քովիդի դեմ պատվաստումով:

Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 1.8 տոկոսով: Անցյալ տարի հունվար-սեպտեմբերին մեր երկրից մեկնել է 284 հազար 946 հազար զբոսաշրջիկ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 290 հազար 36-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 286 հազար 716 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 3320 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 85 հազար 700-ը մեր հանրապետությունից մեկնել են հանգստի եւ ժամանցի նպատակով, իսկ 14 հազար 300-ը՝ գործնական։

Ս.Հ.




Լրահոս