ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է ԱԺ այսօրվա միջադեպը: Մեր տեղեկություններով՝ ԱԺ այսօրվա միջադեպը կքննի ԱԱԾ-ն: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ում նախ նյութեր կնխապատրաստվեն, որից հետո որոշում կկայացվի հարուցել քրեական գործ, թե ոչ: Հետևենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դաշնակցական երիտասարդներին, որոնք պատգամավորների օգնականներ են, «հաշիվ մաքրելու» են կանչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ երիտասարդները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի բարևին չեն պատասխանել:
«Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ «ռազբորկայի» մասնակիցների մեջ են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն ու գուցե այլք:
ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականների հետ միասին մոտ 30 հոգով են եղել ու հարձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականների վրա: Տեղեկացանք նաև, որ վնասվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանի աչքը: