Ուշագրավ մանրամասներ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով. կալանավորել են ենթադրյալ մարդասպանին իբր գողացված համարանիշ տվող անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի սպանությունից: Նախաքննական մարմինը կալանավորել է մեկ անձի, որին մեղադրում են այն բանի համար, թե իբր նա մեքենայի համարանիշ է գողացել եւ տվել ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նա այդ գողացված համարանիշով կատարի Դոն Պիպոյի եղբոր սպանությունը :

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք եւ պնդում է, որ չի ճանաչել Դոն Պիպոյի եղբորը եւ չի օժանդակել նրա սպանության կատարմանը. դեռ ավելին՝ համարանիշ չի գողացել:

Ի դեպ, գործով անցնող անձինք կասկածներ ունեն, որ նախաքննական մարմինը սխալ ուղղությամբ է գնում, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Մասնավորապես կասկածներ կան, որ նախաքննական մարմնին նման տվյալներ են տվել քննության ընթացքը շեղելու համար, կամ էլ վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ շահագրգռվածություն ունի քրեական գործի բուն ուղղությունը շեղելու համար: Փաստ է մեկ բան՝ սպանությունից անցել է 7 ամիս, սակայն դեռեւս այն բացահայտված չէ:

Հիշեցնենք, որ Այս տարվա մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը: Ասել է, թե սպանություն կատարողը մաքրել էր հետքերը:

Քնար Մանուկյան




Լրահոս