Գոյության 8 ամիսների ընթացքում «Ժողովուրդ»-ի դեմ 2-րդ դատական հայցն է ներկայացվել. մեկը ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանից, մյուսը ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի փոխարեն վիրավորված քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից: Եւ մինչ կոնկրետ գործին անդրադառնալը, հիշենք, թե որն է մամուլի դերը հասարակական-քաղաքական կյանքում, որը մի քանի իշխանիկների եւ իրապես ծախու գրչակների կողմից փոշիացել է, դրա համար էլ յուրաքանչյուր հրապարակում ընկալվում է պատվեր, վրեժ եւ այլն:1996 թվականին Դիերեի Ուեբը ԱՄՆ Կալիրո «Ֆան ջոս Մերկուրի նյուս»-ում տպագրեց հոդված ԿՀՎ-ի ու Նիկարագուայի «կոնտրաս»-ների՝ թմրանյութի առեւտրի շրջանակներում ունեցած կապի մասին, ինչից հետո եղան տասնյակ հրաժարականներ: Հաջորդը «Վալթերգեյթի» սկանդալն է, որն ամբողջությամբ բացահայտեցին լրագրողները: Ռուսաստանում «Երեք կետերի» գործը` բացահայտված Ռոման Շվեյնովի կողմից, պատճառ դարձավ, որ մոտ տասնյակ «ֆէէսբեական» գեներալներ եւ մաքսատան աշխատողներ ազատվեն աշխատանքից: ՌԴ-ում այս իմաստով կարելի է առանձնացնել լրագրող Աննա Պլոիտկովսկայայի սպանության մասին բացահայտումները, ԱՄՆ-ում` նախագահ Քենեդու սպանության վերաբերյալ հոդվածների շարքը` «կից» հրաժարականներով, Ուզբեկստանի «բամբակյա գործերը»: «Վիկիլիքս»-ի մասին էլ չենք խոսում: ԻՐԱՎԱԿԱՆ. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, նախքան «վիրավորանքի» եւ «զրպարտության» հոդվածների հետ կապված ՍԴ դիմելը, մշտապես ասում էր, որ դատարանները վճիռներ կայացնելիս առաջնորդվում են տուգանքների առավելագույն շեմ սահմանելով, ինչն իր կարծիքով ճիշտ չէ: Մինչդեռ պետք է քննարկման առարկա դառնա հարցը, թե դատարաններն ինչու են ամեն պատահած հայց վարույթ ընդունում: Հայտնի է, որ դատական վեճի առարկա հոդվածի դեպքում կողմերը 3-ն են` հայցվոր, այսինքն` նա, ում մասին գրել են, փոխանցող` լրատվամիջոցը, որը գրել է, եւ տեղեկատվության աղբյուր, որն ասել է, լրատվամիջոցն էլ գրել է: Այսինքն` եթե Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանին իդիոտ էր ասում, թերթերն էլ տպագրում էին, Սերժ Սարգսյանը ոչ թե թերթերին, այլ Մանուկյանին պետք է դատի տա: Իսկ լրատվամիջոցը դատարանում պետք է հանդես գա որպես երրորդ կողմ, որն ամբիոն է տրամադրել կողմերին: Բայց պատասխանատվություն չպետք է կրի: Իսկ եթե թերթը նյութ է հրապարակում` հղում անելով իր վստահելի աղբյուրներին, ապա այդ դեպքում միայն դատարանում լրատվամիջոցը կարող է հանդես գալ որպես պատասխանող: Բայց եթե նա որոշում է բացահայտել իր աղբյուրին, պատասխանող կողմը պետք է դառնա աղբյուրը: Իսկ եթե չի բացահայտում, ապա թերթը: Բայց ի՞նչ են անում Հայաստանում. յուրաքանչյուր «վիրավորվող եւ զրպարտվող» վազում է դատարան, թերթից միլիոնավոր տուգանքներ է պահանջում, դեռ մի բան էլ պահանջում է կալանք դնել թերթի հաշվեհամարին, դատարանն էլ` որպես դակիչ, կատարում է: Օրինակը օլիագարխներն ընդդեմ «Հայկական Ժամանակ»-ի դատաքննությունն էր, երբ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն առաջարկում էր դատի տալ ոչ թե «ՀԺ»-ին, այլ իրեն, քանի որ իր ասածների հիման վրա է տպագրվել վեճի առարկա դարձած հրապարակումը: Սակայն օլիգարխները գերադասեցին դատի տալ «ՀԺ»-ին, Սմբատից վախեցան: Կարծում ենք, այս նախադեպերի կանխավարկածն աչքի տակ ունենալով` ՍԴ-ն, որին դիմելու է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, պետք է որոշում ընդունի այն մասին, որ դատարանները պարտադրված լինեն լրատվամիջոցների դեմ հայցերն ընդունել միայն այն դեպքում, երբ այն ներկայացված է որպես երրորդ կողմ: Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի ասածները ստուգելուն, ապա դա մամուլի իրավունքն է, բայց ոչ քարացած պարտավորությունը: Իհարկե, ցանկալի է ուրիշի խոսքը ստուգելը, բայց եթե ժամանակի մեջ հնարավոր չէ տեղավորվել, թեման հրատապ է, եւ կա ահռելի մրցակցություն լրատվամիջոցների մեջ, հնարավոր է` լրատվամիջոցը գերադասի չստուգել` հաջորդ օրը ստուգված, բայց ուշացած տեղեկատվություն չտպագրելու համար: Ի վերջո, եթե ԱԺ ամբիոնից Վիկտոր Դալլաքյանը վիրավորում է ինչ-որ մեկին, չպետք է դատի տան ամբիոնին, այլ` Դալլաքյանին:ՔԱՂԱՔԱԿԱՆ. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ Մամուլին դատի տալն ինչ-որ տեղ, թող ներվի ասել, «կլինիկական վիճակ է» կամ գիրք չկարդալու արդյունք: Բայց նաեւ պրագմատիկ հոգեբանական խնդիր կա այդտեղ:Յուրաքանչյուր «վիրավորված» եւ կամ «զրպարտված» անձ անկեղծորեն հավատում է, որ դա արվել է ինչ-որ մեկի պատվերի արդյունքում: Չնայած սրան, վիրավորված անձը որպես կանոն չի ուզում ընկալել, որ իրեն վիրավորել է անհատը, այլ մտածում է, որ դա արել է, իր բնորոշմամբ, «քիլլեր գործիքը»` մամուլը, իրեն վարկաբեկելու, «փչացնելու» համար: Բայց նույնիսկ այդ դեպքում վիրավորվածները գերադասում են գնալ ոչ թե այդ պատվերն իջեցնողի դեմ, որն իրենց պատկերացմամբ կարող է լինել հզոր մարդ, օլիգարխ եւ անգամ համակարգ, այլ լրատվամիջոցի: ԲՀԿ-Ի ՀԱՅՑԸՀիմա դառնանք կոնկրետ «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված հայցերին. մարզպետը վիրավորվել է իր մարզի բնակիչներից մեկի կողմից ասված խոսքերից, բայց դատի է տվել նաեւ թերթին: Եւ դա դեռ քիչ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն էլ վահան է սարքել, թե ինձ վիրավորողը կուսակցության վրա ցեխ է նետում: Հավանաբար ոստիկանական անցյալն այդ մարդուն խոչընդոտում է հասկանալ իրողությունը, որ ինքը խնդիր ունի իր մարզի բնակիչների հետ, այլ ոչ թե «Ժողովուրդ»-ի: Մենք (հոկտեմբերի 7-ի համարում) ընդամենը փոխանցել ենք մարզում եղած ապօրինությունների մասին, որն, ի դեպ, հաստատել է նաեւ Նվեր Պողոսյանը` դպրոցի մրցույթը չեղյալ հայտարարելով: Բայց հոգ չէ, դատարանում կպարզվի, թե մինչեւ ուր կբարգավաճի մարզպետը` իր 2,2 միլիոնանոց արժանապատվությամբ: ՀՀԿ-Ի ՀԱՅՑԸԻնչ վերաբերում է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի եւ նույն վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին արված հրապարակմանը (օգոստոսի 9-ի համարում), ապա այս դեպքում «Ժողովուրդ»-ը միայն տպագրել է պաշտոնապես ստացված նամակ` բոլոր հնարավոր կնիքներով` քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի անունից, որի բովանդակությունը ներկայացվել է բազմակողմանի` բոլորի կարծիքները լսելով: Բայց Գուրգեն Աղաջանյանը, որն այդպես էլ չկարողացավ մեզ ապացուցել, որ ինքը չէ նամակի հեղինակը, վազել է դատարան ու 804 հազար դրամ պահանջել, քանի որ Կարինե Կիրակոսյանի ու Աշոտ Մարկոսյանի փոխարեն անձամբ է վիրավորվել:ԱՄՓՈՓՈՒՄԱնկախ նրանից, թե քանի դատական հայց կներկայացվի «Ժողովուրդ»-ի դեմ, մենք չենք կաշկանդվելու ու չենք նահանջելու: Կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս` հրապարակումներում պահպանելով համարձակություն, օբյեկտիվություն, անաչառություն ու բազմակողմանիություն: Եւ եթե այդ ընթացքում մեզանից վիրավորվողները տարբեր պատճառներով շատանան, դա միայն կուրախացնի մեզ, որովհետեւ ստացվում է, որ մենք ճիշտ նշանակետին ենք հարվածում: Դատական հայցերն էլ կօգտագործենք մեզ գովազդելու համար: Իսկ վերջում հիշեցնենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1986թ. «Լինգեզը Ավստրիայի դեմ» գործով կայացրած դատական ակտում ամրագրված նախադեպն այն մասին, որ լրատվության միջոցը կարող է յուրաքանչյուր փաստ ներկայացնել իր սուբյեկտիվ կարծիքով, որի իրավաչափության հիմնավորվածությունն ապացուցելու պարտականությունը չի կարող դրվել լրատվության միջոցի վրա, ինչը սովորաբար պահանջվում է ընդհանուր քաղաքացիական գործերով:«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՐԳԵԼԻՆԵ՛ՐՍ, ԻՐ ԳՈՐԾՆ Է ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ