Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերում է առանձնակի դաժանություն. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանի դեպքին, ով նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։

«Նախնական բժշկական զննության արդյունքում պարզվել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որն այսօր ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։ Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- նշել է Արցախի օմբուդսմենը։




Լրահոս