Ընդդիմադիր խմբակցության նոր նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am_ը տեղեկացավ, որ ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 7-ին ներկայացրել է Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին անվամբ նախագիծ: Նրանք առաջարկում են Ազգային ժողովի կողմից հայտարարության տեքստ ընդունել եւ նշում են, որ ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:

Նախագծում նշված է.

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել եւս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը:

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Այս նախագիծը պետք է քննարկվի խորհրդարանում:

Ն.Հ.




Լրահոս