ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՔՆՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել Աժ նախկին պատգամավորի, բռնցքամարտիկի եւ եւս այլ մի քանի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործով: Դատավորը իր ինքնաբացարկում նշել է. «ԵԴ/1648/01/21 գործով նախաքննության ընթացքում մեղադրյալ Արշակ Ալյոշայի Զաքարյանի պաշտպան է ներգրավվել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով այս պահին եւս այս գործով հանդիսանում է Ա.Զաքարյանի պաշտպանը: Տ. Աթանեսյանն իմ ընկերն է, ում հետ գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, նրա հետ 1992-1997թթ-ին սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին՝ հանդիսանում եմ վերջինիս կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Տ. Աթանեսյանի հետ հաճախակի հանդիպում ենք, շփվում նաեւ ընտանիքներով:

 

Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է նաեւ ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, որը նույնպես, հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Այս պարագայում գտնում եմ, որ վերը նշված հանգամանքը լուրջ կասկածի տակ է դնում նախագահող դատավորիս անաչառությունն ու անկողմնակալությունն այս քրեական գործի քննությունն իրականացնելիս օբյեկտիվ լինելու տեսանկյունից, որն, ինչ խոսք, բխում է Տ. Աթանեսյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների փաստից, հատկապես այն պայմաններում, երբ գործով անցնող բոլոր մեղադրյալներին մեղսագրված են միեւնույն արարքները: Ընդհանրացնելով վերը շարադրվածը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ Տ. Աթանեսյանի հետ բավականին երկար ժամանակահատվածում ունեցած մտերիմ հարաբերություններն ու նրա որդու կնքահայրը լինելն իրենց բարոյական առումով չեն կարող չանդրադառնալ անձիս՝ որպես դատավորի կողմից քրեական գործի նկատմամբ ունեցած օբյեկտիվության վրա, հետեւաբար այդ պատճառով, ինչպես նաեւ ելնելով արդարադատության շահերից` գտնում եմ, որ իմ կողմից վարույթ ընդունված թիվ ԵԴ/1648/01/21 գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով օրերս կոմիտե էին հրավիրվել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը եւ Իսրայել Հակոբկոխյանը եւ անակնկալի եկել Քննչական կոմիտեի որոշումից: Բանն այն է, որ հունվարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջեւ, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։ Նախաքննական մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով, եւ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել էին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել էր ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Եվ, ահա, ամիսներ անց Կոմիտեն որոշել է ավելի խիստ գտնվել եւ նրանց մեղադրանքն ավելի է խստացրել: Արդյունքում նախաքննական մարմինը մեղադրանքը խստացնելուց հետո նախաքննության ավարտ է հայտարարել քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան: Արագած Ախոյանին, Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք փորձել են իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ք.Մ.

 

 

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերեւույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործըթնացը:

 

Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում եւս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա եւ գործընթացի հետ կապված՝ 8 առերեւույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգ: Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ եւ ներկայացված զեկուցագրեր:

Ստացված հաղորդումներից եւ ահազանգերից՝

1-ը՝ վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,

3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայքններում առերեւույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերեւույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերեւույթ խոչընդոտելուն,

1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցացմանը խոչընդոտելուն,

2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտատեղմասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերեւույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,

2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերեւույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,

1-ը՝ Ամասիա համայնքում, ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված, ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին,

1-ը՝ այլ բնույթի:

Վերացական եւ ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 3-ը թողնվել են անհետեւանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:

 

 

4 ՀՈԳԻ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ իրենց բողոքն էին արտահայտում: Ավելի ուշ քաղաքացիների մի խումբ գնացել էր ՀՀ կառավարական կեցավայրի մոտ, ներխուժել կառավարական կեցավայր եւ, ըստ նախաքննական մարմնի, այնտեղից հափշտակել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանին պատկանող գույքը՝ 245 հազար ՀՀ դրամ արժողությամբ «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսն իր ականջակալի հետ միասին:

Այնուհետ Արամ Թաթոսյանը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով կեցավայր, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված, Երեւան քաղաքի Ձորափի փողոցի 74 հասցեում գտնվող, բնակարան հանդիսացող թիվ երեք առանձնատուն եւ այնտեղ ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ երրորդ հարկում գտնվող ննջարաններից մեկից բացահայտ հափշտակել վերջինիս դստերը՝ Մարիամ Փաշինյանին պատկանող գույքը՝ 245 հազար ՀՀ դրամ արժողությամբ «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսն իր ականջակալի հետ միասին, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Kenneth Cole» տեսակի, «KCW3006 A126-13» մոդելի ձեռքի ժամացույցը, «PLATINIUM EGOISTE, CHANEL PARIS», «ALEXANDRE J», «Bois de Oud La Sultane de Saba» տեսակի երեք օգտագործված օծանելիքները, ինչպես նաեւ 925 հարգի արծաթե համաձուլվածքից «Waldmann» տեսակի գերմանական գրիչը, որոնք հետագայում հետ էին վերադարձրել:

Այս արարքի համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել Արման Թաթոսյանը, Սարգիս Օհանյանը, Կարո Ղազարյանը, Վանուշ Ղազարյանը:

Դատարանը Արամ Թաթոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: Սարգիս Օհանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքի կատարման համար եւ դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: Մյուս մեղադրյալներ Վանուշ Ղազարյանը ու Կարո Ղազարյանը կալանավորված էին: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել:

 




Լրահոս