«3+3» ձևաչափով առաջին նիստը՝ այսօր. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափով նիստին, որը տեղի կունենա այսօր Մոսկվայում:«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ արձանագրել հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», – ասված  է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ «3+3» ձևաչափը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:

Հայաստանը, ինչպես  խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը: «Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակերտը: Եվ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10 -ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու» , – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաց փորձագետ Գելա Վասաձեի համոզմամբ, Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների շրջանակներում, որովհետև, Վասաձեի համոզմամբ, միջնորդները խանգարում են: «Միջնորդներն օբյեկտիվորեն ունեն իրենց շահերը: Մենք կարող ենք տրամադրել տարածք, հարմարավետ միջավայր, թեյ ու սուրճ հյուրասիրել ու մեր հետևից հանգիստ դուռը փակել»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Ն.Հ.




Լրահոս