Պատմության ուսուցչի աթոռից երկրաչափական պրոգրեսիայով պետական ամենաբարձր գրեթե բոլոր պաշտոնները զբաղեցրած Սուրեն Պապիկյանը, որ այժմ պաշտպանության նախարարի՝ երկրի համար կարևորագույն աթոռն է զբաղեցնում, շարունակում է կուսակցական ու ներքաղաքական հարցերով զբաղվել:
Ծառայության ժամանակ հրամանատարին դանակահարած Պապիկյանը պաշտպանական, անվտանգային հարցերով զբաղվելու փոխարեն իր պարտականություններին չառնչվող գործառույթներ է ստանձնել ու շարունակում է ՏԻՄ-երով զբաղվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորում տարած հաղթանակի հետ որևէ կերպ չհամակերպվելով` իշխանությունները, հենց Պապիկյանի ձեռամբ, Արկադի Փելեշյանին են պատրաստվում քաղաքապետ դարձնել՝ առավելագույն ձայներ ստացած Մամիկոն Ասլայանին խաղից դուրս թողնելով՝ նրա ու թիմի նկատմամբ տարաբնույթ ճնշումներ բանեցնելով:
Պաշտպանության նախարարի՝ ՏԻՄ-երի գործին միջամտելը, ցավոք, իր հարազատ Լոռու մարզով չի սահմանափակվում: Այսօր պաշտպանության նախարարությունը ֆանտաստիկայի ժանրին բնորոշ հաղորդագրություն է տարածել, թե իբրև «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանի ձերբակալության դեմ բողոքող ու ճանապարհ փակած վարդենիսցիները հնարավոր է փակեին վիրավոր զինծառայող տեղափոխող մեքենայի ճանապարհը, հետևաբար զինծառայողին այլընտրանքային ճանապարհով են Երևան տեղափոխել:
ՊՆ հաղորդագրության աբսուրդն այն է, որ վարդենսիցիները ոչ թե խոչընդոտել են մեքենայի երթևեկը, այլ նախարարությունում գցել-բռնել, կամ գուցե ղուշուգիր են արել, որ հնարավոր է՝ խոչընդոտվի:
«Նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Երեկ ArmLur.am-ի նկարահանող խումբը լուսաբանում էր բողոքի ակցիան, անձամբ ենք զրուցել ճանապարհը փակած վարդենիսցիների հետ ու նրանցից ոչ ոք մեզ վրա բորենու, վիրավոր զինծառայող տեղափոխող մեքենային ճանապարհ չտվողի տպավորություն չի թողել: Ավելին՝ տեղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ ճանապարհն այնպիսի տեղից են փակել, որ շրջանցող ճանապարհներից հնարավոր լինի օգտվել: Եթե երթևեկող մեքենաներում մանկահասակ երեխաներ էին լինում, ապա տեղացիներն իրենք էին հուշում, թե ինչպես հնարավոր է շրջանցել ու տեղ հասնել:
Հետևաբար Պապիկյանի ու ՊՆ-ի, մտքի թռիչքներն ու ֆանտաստիկայի ժանրի մեկնաբանությունները, տրամաբանություն, բանականությունից ու իրականության հետ աղերս չունեն անգամ:
Սևակ Վարդումյան