Մոսկվայում երեկ կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի` «3+2»-ի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հրավերով: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այս ձևաչափով առաջին հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։
Փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։
Նիստի մասին առաջինը երեկ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ ավելի ուշ հաստատել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս նոր հարթակի մասնակիցները իրականում պետք է վեցը լինեին, և այն կոչվում էր «3+3»: Վրաստանը, սակայն, հրաժարվել է մասնակցել նիստին, հայտարարելով, թե նախկինում արդեն պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։