Երբ ասում ենք, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք Հայաստանն ու Արցախը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:
«Ո΄չ, Հայաստանն ու Արցախը մեր կյանքի օրակարգի վրա կմնան առաջնահերթ մտահոգությունները: Մենք երբեք կռնակ չպիտի դարձնենք Հայաստանից ու Արցախից, այլ սփյուռքը պետք է վերակազմակերպենք: Եւ մենք հաճախ ասում ենք, որ Հայասատանի հզորացումը ենթադրում է սփյուռքի հզորացում եւ փոխադարձաբար սփյուռքը պետք է զորացնենք նույն ինքը Հայաստանի եւ Արցախի հզորացման համար: Մենք հաճախ ասում ենք Հայաստան, Արցախ Սփյուռք եռամիասնություն, բայց սա լոզունգ չպետք է լինի, այլ մեր ազգային գաղափարախոսության առանցքը պետք է դառնա: Սփյուռքի վերակազմակերպումը, վերահզորացումը էական է Հայաստանի եւ Արցախի հզորացման համար, որովհետեւ մենք մեկ ամբողջություն ենք եւ դրա մեջ պետք է տեսնենք Հայաստան, Արցախ եւ սփյուռք»,- ասել է նա: