Քրեական գործեր՝ Երևանում, Արագածոտնի և Արարատի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ պատահարին մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել են դեպքի վայրի և վերոնշյալ ավտոմեքենաների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 8-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել Արագածոտնի մարզի 38-ամյա բնակչի «Վազ 2121» և ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը և մյուս ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Քրեական գործով կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Ոսկեպատ գյուղի միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Համաձայն նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Հունդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինի ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշական կենտրոն:




Լրահոս