Վանաձորում ավագանիների վրա ճնշումները շարունակվում են. «Ապրելու երկիրը» կմիանա՞ ՔՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Վանաձորում առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Իշխանությանը չի հաջողվում ՔՊ թեկնածուին կամ սիրելի որևէ մեկին դարձնել քաղաքապետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ քաղաքում կայացած ընտրությունների արդյունքում 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25.06 տոկոսով, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոսով, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոսով, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոսով։

Եվ հիմա ՔՊ-ն զգալով որ անիմաստ է պարտված Արամ Խաչատրյսնի թեկնածության շուրջ որևէ միավորում, հիմա էլ առաջ է քաշել ՔՊ պահեստային տարբերակին` ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի ( Ակա մականունով), թեկնածությունը և ցանկանում է նրա շուրջ համախմբել ՔՊ, «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Զավեշտալի լուրեր հասան մեզ այն մասին, որ Ական ու Արամ Խաչատրյանը նույն մեքենայով շրջում, համոզում ու երդումների դիմաց քվեարկելու խոստում են ցանկանում կորզել տարբեր Վանաձորի նորընտիր ավագանու անդամներից։ ՔՊ-ն ամեն քայլ ձեռնարկում է, որ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ավագանու կողմից չընտրվի համայնքի ղեկավար:

ArmLur.am-ի տեղեկություններով, որքան էլ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիրը» այս ընթացքում հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից՝ մերժելով ՔՊ-ին, կարծես թե հակված են քվեարկել հենց ՔՊ թեկնածուի օգտին: Այդ կուսակցության ցուցակը գլխավորող Արտավազդ Ալավերդյանը, որը բավականին սկզբունքային անձնավորություն է եւ բացառում է իր համագործակցությունը ՔՊ-ի հետ, հնարավոր է, մանդատից զրկվի:

Լուրեր կան, որ «Ապրելու երկիր»-ն ուզում է Ալավերդյանին փոխարինել Արմեն Այվազյանով, քանի որ այդ պարագայում հնարավոր է նրանք կանգնեն հենց ՔՊ-ի կողքին: Եվ եթե այս սցենարը գործի, ստացվում է՝ որքան էլ «Ապրելու երկիր» կուսակցությունը սկզբունքային է երեւացել այս ընթացքում եւ իշխանությանը մերժող հայտարարություններ արել, իրականում պատրաստ է կանգնել իշխանությունների կողքին՝ դառնսլով հերթական հաճախորդը:




Լրահոս