Մարությանին անվստահություն կհայտնե՞ն. ՔՊ֊ն գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը երեկվանից սկսած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «նախկինների» շարքին դասելու գործին է լծվել: Մարությանի՝ «սևեր-սպիտակներ» բաժանումը, փաստորեն, իր իսկ գլխին է կախվել, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Մարությանին սևացնելու բացահայտ գործընթաց է սկսել:

Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցները գրել են Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության տանդեմի մասին, բայց վարչապետի ու քաղաքապետի լարված հարաբերությունների, ավելին՝ նրանց շփման բացակայության մասին լուրերը ակտիվացել են հատկապես 44—օրյա պատերազմից հետո:

ArmLur.am լրատվականը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Հայկ Մարությանն իշխող ՔՊ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում դեռևս 2021-ի հունիսի 20-ին է գրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա իշխանության հետ որևէ շփում չունի, վերջերս մի քանի փուլով տեղի ունեցած ՏԻՄ-երին նույնպես չի խառնվել ու իր շուրջ ասես առանձին իշխանություն է ձևավորել, ինչը Փաշինյանին դուր չի գալիս:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը Երևանի ավագանու միջոցով առաջիկայում փորձելու է անվստահություն հայտնել Մարությանին՝ փորձելով ցույց տալ, թե քաղաքապետը նորմալ չի աշխատում, լիազորությունները կատարելիս թերանում է և այլն: Մեզ հայտնի դարձավ, որ մինչև Երևանի ավագանու լիազորությունների ավարտը, ինչին մեկուկես տարի ժամանակ է մնացել, Փաշինյանը մտադիր է առավել վստահելի, յուրայիններից որևէ մեկին նշանակել քաղաքապետի պաշտոնում: Իշխանությունները վստահ են, որ այս պահին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնել պետք չէ, քանի որ վստահ չեն, որ իրենց թեկնածուն կանցնի ընտրություններում:

Մեր տեղեկություններով՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն անհաջողությամբ է պսակվելու, քանի որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում նա էլ իր ձևավորած թիմն ունի՝ ավագանու անդամներ Պավել Մազմանյանի, Սերգեյ Սարգսյանի ու այլոց գլխավորությամբ: Բացի այդ՝ Երևանի ավագանու իշխանական ֆրակցիայի բոլոր անդամներն այնպես չէ, որ տարված են Նիկոլ Փաշինյանով: Այդտեղ տարբեր համոզմունքների, գաղափարների ու մտածելակերպի մարդիկ կան, որ բավական ընդդիմադիր կեցվածք ունեն օրվա իշխանության նկատմամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունն այժմ ներքին քննարկումենների մեջ է՝ հասկանալու համար, թե ինչ ճնշումներ պետք է բանեցնի Մարությանի նկատմամբ: Այսօր Երևանում երթուղային վարորդների կազմակերպած սաբոտաժը նույնպես կարող է այդ ճնշումների մաս կազմել:

Չի բացառվում նաև, որ Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված նիստում, ինչի ժամանակ ըստ երևույթին քննարկվելու է քաղաքի բյուջեի հարցը, ընդդեմ Մարությանի «պատժիչ» նոր գործողություններ լինեն:

Չնայած իշխանությունն ամեն պահի հայտարարում է, որ Մարությանը Փաշինյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել, բայց նա որևէ կերպ զիջել չի պատրաստվում:

Սևակ Վարդումյան




Լրահոս