ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Մանուկյանը ակտիվ քաղաքական կյանքով է ապրում։ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որպես ավագանու թեկնածու էր առաջադրվել։ Տիկին տնօրենը նախընտրական տեսահոլովակներից մեկում խոսում է իր կողմից կատարված ահռելի աշխատանքի մասին։ Համեմատվելով «Նախկինների» հետ՝ գլուխ է գովում, թե դպրոցի խնայած միջոցներն այժմ դպրոցն է տնօրինում ու այն ի շահ դպրոցի օգտագործում։ «Նախկինում ինչո՞ւ նման ծրագրեր չէին իրականացվում. որովհետեւ ավելացած գումարները տնօրինում էր լիազոր մարմինը, իսկ այս պահին, որ միայն թողնում են դպրոցին, որ կարողանանք մենք հավելյալ ծրագրեր իրականացնել ե՛ւ կրթական, ե՛ւ դպրոցաշինական ծրագրերում, այլ նաեւ պետք եղած դեպքում մեզ աջակցում են ցույց են տալիս, ֆինանսական աջակցություն ու ներառում են տարաբնույթ ծրագրերում՝ ելելով դպրոցի առանձնահատկություններից»,- ընդգծում է նա։
Բավական կոկիկ ու խնամքով մոնտաժված տեսանյութը դպրոցի տնօրենը ենթադրաբար, իր աշխատասենյակում է նկարել։ Այն Facebook-ի իր էջում ներկայացված է այսպես. «Ամփոփ՝ որպես տնօրեն իմ գործունեության եւ վերջին 3 տարվա ընթացքում դպրոցում իրականացված բարեփոխումների մասին»:
Մանուկյանը, փաստորեն, կրթական ոլորտի իր աշխատանքի ամփոփումը նախընտարական նպատակների համար է օգտագործել։ Տեսանյութի սկզբից ու վերջից կուսակցության լոգոն ու կարգախոսն է, իրենց նախընտրական համարը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2018-ի մայիսի 22-ին՝ իշխանափոխությունից մեկ ամիս անց ընդամենը, այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ ենթակայության եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ տնօրեններն այլեւս քաղաքականապես ճնշված չեն լինելու, դպրոցի տնօրենն ու ուսուցիչն էլ դպրոցում քաղաքականությամբ չեն զբաղվելու։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին եւ տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, եւ դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ եւ տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որեւէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որեւէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որեւէ տնօրեն եւ ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որեւէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի եւ քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երեւույթը կանխվելու եւ պատժվելու է օրենքի ուժով»,- վստահեցնում էր այժմ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը զբաղեցնողը նախկին նախարարը:
Հավատալով Արայիկ Հարությունյանի սկզբունքայնությանն ու ասածին հետեւողական լինելուն՝ հուսանք՝ ՔՊ-ական իր թիմակցի նախընտարական տեսահոլովակի մասին կտա իր գնահատականը ու կդատապարտի Քրիստինե Մանուկյանի վարքագիծը։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծառայությունների ոլորտում սակագների բարձրացում է արձանագրվել: Օրինակ՝ բժշկական ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, իսկ բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայություններինը՝ 0.2 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են 0.5 տոկոսով, ինչը պայմանավորված է միջազգային չվերթների ծառայությունների գների 2 տոկոս թանկացմամբ: Ի դեպ, մեր հանրապետությունում իրավաբանական ծառայությունների սակագներն են բարձրացել 0.7 տոկոսով, սպասարկման ծառայություններինը՝ 1.4 տոկոսով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 1.3 տոկոսով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 4.6 տոկոսով: Փոխարենը հյուրանոցային ծառայությունների սակագներն են նվազել 1.5 տոկոսով, իսկ կապի, վարսավիրանոցների եւ անձնական սպասարկման սրահների ծառայությունների գները մնացել են անփոփոխ:
ԳՅՈՒՂԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐՆ ԱՆՀԱՅՏ ԵՆ
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի ճակատագրերը դեռ հայտնի չեն: Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին այս գյուղերի բնակիչները չեն մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը, եւ, ի նշան բողոքի, նրանք հրաժարվել են քվեարկել: ArmLur.am-ը զրուցեց Ծովագյուղ համայնքի ղեկավարի ԺՊ Վահրամ Գեւորգյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է կառավարությունը արձագանքել բնակիչների այս քայլին: «Մեր համայնքը խոշորացման, զարգացման կարիք չունի: Մեր համայնքն իր հնարավորությունով, իր բյուջեով, արած աշխատանքներով վերջին տարիներին մինչեւ օրս ցույց է տվել, որ այնքան սուբվենցիոն ծրագիր է անում, որ Վարդենիս քաղաքն այդքան ծրագիր անել չի կարողանում, արածն էլ գումարները չի կարողանում վճարել: Սա բոյկոտ չէ, սա քաղաքացիների ցանկություն է… Բոյկոտ ասենք՝ մեր հարցերը նորմալ չի լինի (ծիծաղում է-Ս.Հ.)»,- նկատեց Գեւորգյանը՝ ընդգծելով, որ մինչեւ այս պահը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից դեռ արձագանք չի ստացել:
Բացի ծովագյուղցիներից, քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Սեմյոնովկա գյուղի բնակիչները: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը ArmLur.am-ին ասաց, որ գյուղի բնակիչները պահանջում են իրենց համայնքը միացնել Ծովագյուղին: «Կառավարությունը կորոշի, թե ինչ կլինի հետո: Առայժմ ոչ ոք չի զանգել, չեն արձագանքել: Թող այս երկու համայնքն իրար հետ խոշորացնեն: Ծովագյուղը մեծ համայնք է, օր օրի աճում է, զարգանում, թող մեր գյուղն էլ հետը զարգանա. որտեղ իմ բնակիչը, այնտեղ ես»,- հայտարարեց Դավիթ Մնացականյանը:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ
Դեկտեմբերի 5-ին կայացան Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում խոշոր համայնքները ներառող Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններ։ Ընտրողների ընդհանուր թիվը 24 հազար 154 էր, որից քվեարկությանը մասնակցեց 13 հազար 314-ը։ Քվարկության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուների ցանկը գլխավորում էր Նոյեմբերյան համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը, ստացավ 5710 քվե։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր Կողբ համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ստացավ 3856 քվե, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր գործարար Մհեր Աղամյանը, ստացավ 3480 քվե։ 268 քվեթերթիկ անվավեր է ճանաչվել։ Նոյեմբերյանում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրություններն անցել են առանց էական խախտումների։ Նախնական տեղեկություններով՝ Նոյեմբերյանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա Նոյեմբերյան համայնքի ավագանու 9, «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները՝ 6-ական տեղեր։
ՔՊ-ն չի կարող միայնակ՝ առանց մյուս 2 քաղաքական կուսակցություններից մեկի աջակցության Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար ընտրել: Նախընտրական շրջանում Նոյեմբերյան քաղաքում խոսակցություններ էին շրջանառվում, որ Արսեն Աղաբաբյանը եւ Մհեր Աղամյանը նախապես պայմանավորվել են հետընտրական շրջանում համագործակցության, միասին Նոյեմբերյանի համայնքային իշխանություն ձեւավորելու վերաբերյալ։ Արսեն Աղաբաբյանը, որը նախկինում Կողբ եւ Զորական գյուղերը միավորող Կողբ խոշոր համայնքի ղեկավարն էր, 2018թ. գարնանը Հայաստանի համայնքների ղեկավարներից առաջինն էր պաշտոնապես ողջունել թավշյա հեղափոխությունը, որի մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ 2021թ. սեպտեմբերին լրացավ Արսեն Աղաբաբյանի՝ որպես խոշոր Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազարությունների ժամկետը, սակայն Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը Ա. Աղաբաբյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար չնշանակեց: Ա. Աղաբաբյանը Տավուշի մարզում միակ համայնքի ղեկավարն էր, որն իր պաշտոնեական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո համայնքի ղեկավարի պաշտոնակատար չնշանակվեց, մարզի բոլոր համայնքներում գործող համայնքապետերը համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ նշանակվեցին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ