Եթե Ամանորի գիշերը ցանկանում եք, որ ձեզ այցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ապա ձեզ շատ գումար է պետք: Չնայած Ամանորին մի քանի շաբաթ է մնացել, բայց Ձմեռ պապի, Ձյունանուշի ծառայությունների վերաբերյալ հայտարարություններն արդեն սկսել են ողողել սոցիալական ցանցերը: Այս օրերին սնկի պես աճում են այն կազմակերպություններն ու գործակալությունները, որոնք տոնական օրերին Ձմեռ պապի ու Ձյունանուշի վճարովի այցելություններ են կազմակերպում կորպորատիվ միջոցառումների համար, նաեւ՝ բնակարաններ, տներ են գնում: ArmLur.am-ը մի քանի գործակալություններից ճշտեց եւ հետաքրքրվեց, թե որքան են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի՝ տներ, բնակարաններ այցելելու ծառայությունների սակագները: Պարզվեց՝ դեկտեմբերի 31-ին՝ 22:00-ից սկսած, Ձմեռ պապի ծառայության գինը կտրուկ բարձրանում է՝ հասնելով 150 հազար դրամի: Ի դեպ, գործակալություն կա, որն այդ օրը պիկ ժամերին Ձմեռ պապ առաջարկում է 50000 դրամով: Բայց եթե Ձմեռ պապ անհրաժեշտ է Երեւանից դուրս, ապա երկկողմանի ճանապարհածախսը պետք է հոգա պատվիրատուն: Իսկ մեկ այլ գործակալությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեկտեմբերի 31-ին՝ ուղիղ կեսգիշերին, բնակարան եւ տուն այցելելու համար անհրաժեշտ է վճարել 130000 հազար դրամ, սակայն այս գինը կտրուկ նվազում է հունվարի 1-ին՝ դառնալով 20000 դրամ: Կորպորատիվ միջոցառումների համար ծառայության գինը կախված է այն բանից, թե պատվիրատուն ինչ է ցանկանում՝ շնորհավորանք, հանելուկներ, խաղեր, թե թամադայություն: Այո, գործակալություններ կան, որոնք առաջարկում են Ձմեռ պապի թամադայություն: Կարեւորը կազմակերպությունները իրենց հայտարարությունների մեջ նշում են, որ Ձմեռ պապը Լապլանդիայից է, չի ծխում, չի խմում, կոշիկները չեն երեւում, սեւ հոնքերը չեն երեւում, վրայից էլ հոտ չի գալիս:
ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին: Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման եւ վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման) լիցենզիա։ «Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ. առաջին եռամսյակում մենք պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով, որով ֆինանսական եւ վճարումների շուկա ենք բերելու նոր գործիքներ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը», – ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։ «Մեր միասնական թիմը, ստեղծելով հայրենական նոր բրենդ, որդեգրել է ռազմավարություն, համաձայն որի՝ բացի ավանդական կապի ծառայություններից, մատուցելու է ժամանակակից IT, ֆինանսական եւ այլ թվային ծառայություններ, որոնց պահանջը կունենա մեր բաժանորդը եւ հասարակությունը», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: TeamPay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռնելու վճարումներ կատարել ոչ միայն Team Telecom Armenia-ի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համար, այլեւ իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի եւ տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների եւ այլ վճարումներ: