«ՈՒՆԵՆՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի հերթական նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել էր օրենքի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկում էր, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինծառայողների առողջական վիճակի բժշկական հետազոտությունները, փորձաքննությունն ու բուժումը իրականացնել առաջնահերթ, սեղմ ժամկետներում եւ անվճար՝ պետական երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում։ ԱԺ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց զինծառայողներին նշված արտոնությունը տրամադրելու առաջարկին: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ: 

 

-Տիկի՛ն Թովմասյան, ինչո՞ւ Ձեր կողմից ներկայացված նախագծին դեմ քվեարկեց  իշխող խմբակցությունը: 

-ՀՀ-ում զինծառայողները երբ անցնում են ծառայության, իրենք արտահերթ սկզբունքով բուժզննում են անցնում:  Եթե նրանք մտնեն ցանկացած հիվանդանոց,  նրանց արտահերթ սպասարկում են եւ դարձնում զինծառայող: Հենց դարձան զինծառայող, արտահերթության մասով որեւէ արտոնությունից չեն օգտվում: Իհարկե, նրանք ու իրենց ընտանիքի անդամները   սպասարկվում են պետպատվերի շրջանակներում, բայց արտահերթության իրավունքից չեն օգտվում: Իմ կողմից ներկայացված նախագիծը հենց դրա մասին էր, որ մենք ոչ միայն շահագրգռենք քաղաքացիներին դառնալ զինվորական ու մտնել բանակ, եւ մենք մոռանանք նրանց մասին որպես արտահերթության պահանջատեր, այլ շարունակենք արտահերթության սկզբունքը տարածել զինծառայողների վրա: Մարդիկ 14 օր անմարդկային պայմաններում՝ չկահավորված առաջնագծում, իրականացնում են իրենց ծառայությունը, ապահովում են մեր բոլորի անվտանգությունը, եւ երբ 14 օրից հետո նրանք վերադառնում են տուն եւ ունեն 14 օր ժամանակ իրենց առողջությունն ապահովելու համար, նրանք կարող են այդ 14 օրը անցկացնել հերթի մեջ հիվանդանոցներում, եւ իրենց հերթը չհասնի:

-Այսինքն՝ պայմանների բարելավման վերաբերյալ ոչինչ չի՞ արվում:

-Բնականաբար ոչինչ չի արվում:

-Ձեր ներկայացրած նախագիծն Արսեն Թորոսյանը պոպուլիստական համարեց, նշեց, որ օրենքում դա արդեն ամրագրված է, եւ կարիք չկա փոփոխություններ կատարել:

-Արսեն  Թորոսյանը մեծ պոպուլիստ է, դրա մասին մենք վաղուց գիտենք:  Ինքը դեռ նախարար եղած ժամանակից հայտնի է իր ստախոսությամբ: Ինքը պարբերաբար բաներ էր ասում, հետո պարզվում էր, որ դա սուտ է, հետո առանց ամաչելու կարող էր կրկնել իր սուտը կամ հերքել՝ ասելով, որ նման բան չի ասել: Այնպես որ, Արսեն Թորոսյանին լուրջ վերաբերվել պետք չէ: Իսկ այն, որ իշխանության ներկայացուցիչը պնդում է, որ 2019թ. այդ հարցը լուծված է, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունը ստում է: Ես եղել եմ ինչպես զինհոսպիտալներում, այնպես էլ քաղաքացիական հիվանդանոցներում, եւ ակնհայտ է, որ մենք ունենք արտահերթ բուժծառայություն իրականացնելու խնդիր զինծառայողների համար:

-Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ համայնքների խոշորացումը կդնենք հանրաքվեի. եթե համայնքը չի ուզում խոշորանա, իրենք չեն խոշորանա: Հիմա, առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքը, խոշորացում տեղի ունեցավ: Ստացվում է, որ անտեսվում է քաղաքացիների կարծիքը:

-Այն, որ Նիկոլ Փաշինյանի նախկին ասածներն ու ներկայիս գործելաոճը միմյանց չեն համապատասխանում, բազմիցս առիթ ունեցել ենք այդ մասին համոզվելու: Ես ուզում եմ ասել, որ նախանձելի համախմբվածություն ու միասնականություն դրսեւորեցին Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները եւ մեկ մարդու նման չմասնակցեցին ընտրություններին: Երբ մենք նկատում ենք՝ որեւէ մեկը չի մասնակցել ընտրությանը, սա նշանակում է, որ պետական համակարգի որեւէ աշխատակից եւս չի մասնակցել քվեարկությանը: Այսինքն՝ որեւէ մեկն այլւես չի վախեցել, որ հնարավոր է աշխատանք կորցնի, կամ որեւէ ճնշման միջոց կիրառվի իր նկատմամբ: Չեն մասնակցել նաեւ այն հանձնաժողովի անդամները, որոնք կազմակերպել են ընտրությունները: Այսինքն՝ տեղամասերը կան, հանձնաժողովները կան, բայց որեւէ մեկը  չի մասնակցել ընտրության: Սա շատ օրինակելի ակցիայի ձեւ էր, որն իրականացվեց: Հուսամ, որ միասնականությունը վարակիչ կլինի, եւ որեւէ դիրքորոշում Հայաստանի քաղաքացին կարտահայտի իր սեփական իրավունքները պաշտպանելու տեսակետից նման միասնականությամբ:

-Ի՞նչ արդյունավետություն տվեց դա համայնքի բնակիչներին:

-Արդյունավետության տեսանկյունից այդ ակցիան ոչինչ չի տա,  քանի որ, սեպտեմբերի 8-ին ընդունված «Վարչատարածքային  բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, դա արդեն կայացած փաստ է: Համայնքները խոշորացել են. ե՛ւ Սեմյոնովկա, ե՛ւ Ծովագյուղ համայնքները միացել են Սեւան խոշորացված համայնքին, եւ ուզեն, չուզեն, իրենք այլեւս խոշորացված համայնքի բնակիչներ են: Բայց իրենց ըմբոստությունն, ինչ խոսք, գնահատելի է:

-Համայնքի ղեկավար ընտրվե՞լ է:

-Ղեկավար ընտրվել է. Սեւան խոշորացված համայնքի ղեկավարը նաեւ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների ղեկավարն է: Վարչական ներկայացուցիչներ կունենան, բայց համայնքի ղեկավար լինելու է Սարգիս Մուրադյանը:

Ն. Պ.   

 

 

ՏԻՄ-ԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար իշխանություններն անում էին հնարավոր ամեն բան, բայց թե՛ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին, թե՛ երեկ՝ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ անց քաղաքացիները, այնուամենայնիվ, իշխանության նկատմամբ վերաբերմունքը փոխել են: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորների միջոցով էր աջակցում տեղական մարմինների իրենց թեկնածուներին:

 

Այսպես, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Մովսիսյանը ակտիվորեն տարբեր համայնքներ էին այցեում ու իրենց աջակցությունը հայտնում, օրինակ, Գավառում առաջադրված Նարեկ Գրիգորյանին, Վարդենիսում՝ Արամ Մելքոնյանին, Թալինում՝ Տավրոս Սափեյանին ու այլոց: Նոյեմբերի 14-ին Կապանում անցկացված ընտրությունների քարոզարշավին էլ, օրինակ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էին ակտիվորեն մասնակցում, բայց ո՛չ Խաչատրյանի, ո՛չ էլ Պապիկյանի ներկայությունը Կապանում իշխանության համար հաղթանակ ապահովելու գրավական չեղավ, ու գործող համյանքապետ Գեւորգ Փարսյանը վերընտրվեց: Գավառում ու Վարդենիսում տեղի թեկնածուներին հաճախ էր այցելում ու աջակցում նախկին մարզպետ, այժմ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Աբովյանում ՔՊ-ի թեկնածու Պավել Ցուգունյանին աջակցում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պերոսյանը: Վեդիում Արարատի նախկին մարզպետ, Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի կողքին էր նրա համագյուղացի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նշված բոլոր համայնքներում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բացարձակ հաղթանակ չի տարել, իսկ Գավառում, օրինակ, պարտություն է կրել: Այս պատկերը գնահատական է նաեւ այն պատգամավորների ու կուսակցականների համար, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ աջակցում էին ՔՊ-ական թեկնածուներին: Բացի իրենց գովերգելն ու նախկիններին քննադատելը, ՔՊ-ական պատգամավորները, փաստորեն, նախեւառաջ իրենց իսկ արածն ու չարածը ճիշտ գնահատելու խնդիր ունեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ին թարմացրել է ավիաընկերությունների այն ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում թռիչքային անվտանգության միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse (AFR) գործակալությունը: Այժմ Եվրոպական հանձնաժողովի սեւ ցուցակի մեծ մասը կազմում են 15 երկրի ավիաընկերությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Եվրոպական հանձնաժողովի սեւ ցուցակում շարունակում է մնալ Հայաստանը: Այդ երկրների ցանկում են նաեւ Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Անգոլան, Լիբիերիան, Նեպալը եւ այլն:  Այդ փոփոխությունների համաձայն՝ 97 օդային օպերատորի արգելված է թռչել Եվրոպայի վրայով, ինչը քիչ է նախկինում նշված 103-ից: Սա կապված է այն բանի հետ, որ մոլդովական ավիափոխադրողները հանվել են սեւ ցուցակից, քանի որ բարելավել են իրենց երկրում թռիչքային անվտանգությունը: Նրանց թվում են մտնում նաեւ Air Moldova-ն, HiSky-ը եւ Fly One-ը: Բրյուսելից հաղորդում են, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից արգելքները սահմանվել են այն պատճառով, որ այդ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից անբավարար վերահսկողություն է իրականացվում թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ: Տեղեկացնենք, որ Հայաստանում գրանցված 7 ավիափոխադրող 2020 թվականի հունիսից զրկվեց Եվրոպական Միության տարածքում թռիչքներ կատարելու հնարավորությունից։ Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ

ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի հուլիսի 27-ին Արթուր Սարգսյանին պարգեւատրել էր՝ հիմք ընդունելով Սարգսյանի 2020թ. առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը: Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ-գլխավոր քարտուղարի տեղակալ Սուրեն Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձեւավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, եւ շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն:




Լրահոս