Փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների մոտ հայտարարությունները պահի հետ կապված են, եւ յուրաքանչյուր դեպք՝ լինի դա մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, միջադեպ, գերի ընկնել եւ այլն, պետք է քննության առարկա դառնա, եւ պարզվի՝ ինչպես են այդ դեպքերը տեղի ունեցել։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի մի քանի հանդիպումները գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ դեռ չի նշանակում իրականացնել պլանային աշխատանքներ։ «Մենք որերորդ անգամ հրավիում ենք պատասխանատու պաշտոնատար անձանց, որ գան, ներկայանան այդ նիստերին, բայց չեն ներկայանում։ Մենք գտանք, որ անիմաստ են այդ քննարկումները, որովհետեւ պատկան պաշտոնատար անձինք չկան, իսկ նրանք, ովքեր ներկայանում են, չեն կարող այդ հարցերին պատասխանել»,- նշել է նա։
Անդրադառնալով սահմանագծման եւ սահմանազատման գործընթացներին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվ հրապարակելու պահանջին՝ Օհանյանը պատասխանել է. «Այսօր քաղաքական մեծամասնությունը չի ուզում անդրադառնալ այդ զգայուն հարցին, որը շարունակությունն է այն գործողությունների, որ թուրք-ադրբեջանական տանդեմը իրականացրել է։ Ժողովրդի առջեւ հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որոնք իրականացնում են այս իշխանությունները։ Երբ անհրաժեշտ է մարտական հերթապահության առումով զինվորական ստորաբաժանում տանել, այնտեղ տեղակայել չեն անում, բայց ադրբեջանցիների մաքսակետի դիմաց միանգամից տարել մեր մաքսակետը տեղադրել են։ Սա նշանակում է, որ ժողովրդից թաքուն իրականացրել են սահմանների ճշտումներ։ Ալիեւի հոխորտանքը իր հայատյաց հռետորաբանության շարունակությունն է եւ այն իրավիճակի շարունակությունը, որ այսօր պարտված իշխանությունները գտնվում են ճնշման եւ պարտադրանքի ներքո»։
Օհանյանը շեշտել է, որ այդ ապաշրջափակման անվան տակ պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։
«Առաջինը՝ թուրք-ադրբեջանական իշխանությունների խաբելն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, երկրորդ` այդ ապաշրջափակումը մեզ համար լինելու է խորը շրջափակում։ Միջանցքի անուն տալը նշանակում է ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի ճանապարհներ պետք է լինեն այդ հատվածում։ Մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ, տնտեսական ճնշման տակ եւ Սյունիքի մարզում ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով։ Ալիեւը ինչ ուզում, պարտադրում է Հայաստանին։ Սա նաեւ խոսում է նրա մասին, որ կան բանավոր, գաղտնի պայմանավորվածություններ։ Ալիեւը վստահ է, որ դա կա, դրա համար իր խոսքը ասում է։ Ալիեւի մեսիջը ուղղված էր միջազգային հանրության եւ ՀՀ իշխանություններին»,- ընդգծել է պատգամավորը: Խոսելով սահմանների կահավորման մասին՝ Օհանյանը նշեց, որ բանակի ղեկավարությունը ի զորու է դա անել, այդ հարցի հասցեատերը Հայաստանի ղեկավարությունն է։
«Եթե Ադրբեջանից վախ կա, ուրեմն ավելի արագ պետք է մեր դիրքերը կահավորենք, խրամատավորենք զինվորներին եւ մոբիլիզացնենք պետության ողջ ներուժը»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ն. Պ.
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՆՕՐԵՆԻՆ
Գառնիկ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1990թ. հունվարի 2-ից զբաղեցնելով Իջեւանի համայնքապետարանի կազմակերպություն հանդիսացող Իջեւան քաղաքի մարզադպրոց համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն բյուջետային հիմնարկի տնօրեն, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ պաշտոնեական դիրքը եւ գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով, ապօրինի անհատույց, շահադիտական նպատակով յուրացրել է իրեն վստահված գույքը, այն է՝ «Իջեւան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված Աննա Աղաջանյանի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պարագայում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Աննա Աղաջանյանի կողմից հիշատակված ժամանակահատվածում սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ, ապա հիշատակված ժամանակահատվածում Աննա Աղաջանյանի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս ընդհանուր փոխանցել է 1098819 ՀՀ դրամ, իսկ փոխանցված գումարը կանխիկացրել ու տնօրինել է անձամբ:
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ ԿԳՆԱ ԴԱՏԱՐԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դետեմբերի 10-ին կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ստացել է արդյոք ծանուցագիր դատարան ներկայանալու համար: Ավելին՝ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայանալու է արդյոք դատարան, Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ տեղյակ չէ՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐՑՐԵՑ
Երեկ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնել է լիազորությունները։ Նա փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որն ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել։
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ օրակարգում ներառել էր ռազմագերների, անհետ կորածների եւ պահվող անձանց ճակատագրի ու վերջիններիս հայրենադարձման խնդրի մասին հարցը։ Սա մեր քաղաքական թիմի համար առաջնային հարցերից է, բայց տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնությունն անդադար պնդում է, որ այս քննարկումները պետք է լինեն փակ ձեւաչափով։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշել է, թե դիմել է ԱԺ նախագահին, որ եթե քննարկումները պետք է փակ լինեն, պետք է դրանց ներկա լինեն ռազմագերիների, անհետ կորածների, պահվող անձանց հարազատներից առնվազն 15-ը։ «Մենք պահանջել ենք, որ նիստին ներկայանան Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ՊՆ ղեկավարը։ Նրանցից որեւէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը. սա էլ քաղաքական ու պետական մոտեցումն է այս խնդրին»,-ասել է նա:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐԵՆ
Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության եւ համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին հայտարարություն են ստորագրել: «Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության եւ համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին: 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից, եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության՝ համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու եւ տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին»:
ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կատարել են խուզարկություններ հիմնարկի մասնաշենքերից մեկի խորդանոցներում: ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ իրականացված գործողությունների արդյունքում երկու խորդանոցներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 6,55 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, ապակյա սրվակ եւ բամբակ, ինչպես նաեւ 4 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, անլար ականջակալ եւ 54 հատ գործարանային արտադրության խաղաքարտ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: