Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը` ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձորի Աբովյան փողոցի բնակիչներն ուժեղ պայթյունից արթնացել էին եւ ահաբեկվել: Շատերն այդպես էլ չէին հասկացել եղելությունը: Աբովյան 23 տան բնակչուհի Զեմֆիրա Դավթյանն ասում է, որ պայթյունի պահին քնած է եղել. «Քնած էի, մեկ էլ ուժեղ ձայն լսեցի, խալաթս հագա, դուրս եկա, տեսա` փողոցում ոչ մի մարդ չկա, մտածեցի` երեւի ինչ-որ ռակետ են գցում մեր ֆուտբոլի բալեշչիկները: Առավոտը նոր իմացա եղելությունը»: Եղելությունն այն էր, որ Աբովյան 15 տան վրա նռնակ էին նետել: Բնակիչները` մայր ու որդի Ղամբարյանները, պատմում են, որ գիշերը քնած են եղել, պայթյունից արթնացել են եւ չեն կարողացել հասկանալ եղելությունը: Վնասվել էին շքամուտքի դուռը, բետոնե հատակը: Ռիմա Ղամբարյանը չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր թշնամություն անել, ամբողջ կյանքում ոչ մեկին վատություն չի արել: Որդու` Վահե Ղամբարյանի խոսքով` նռնակի պայթյունն իր դեմ ուղղված մահափորձ էր: Նա վստահեցնում է, որ ինքը բարերար է, եւ պայթյունն իրականացվել է իր գործունեությանը խոչընդոտելու նպատակով: Բոլոր իրավասու ատյաններին դիմել է դեռեւս մինչեւ պայթյունը. «Սա մահափորձ էր: Ես բարեգործ եմ, իմ հանդեպ անօրինություններ են եղել: Ես դիմել եմ հանրապետության նախագահին, աշխատակազմից ուղարկել են գլխավոր դատախազություն: Նյութերը գտնվում են ազգային անվտանգության գործերով քննվող վարչությունում: Սա ուղղակի ինձ վախեցնելու, իմ հանդեպ ոտնձգություն կատարելու փորձ է: Ես ոչ մեկից չեմ վախենում: Իմ պայքարը գնալու ա մինչեւ վերջ»: Վահե Ղամբարյանն ասում է, որ հասնելու է մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ: Գործով քննիչ Բարսեղ Մուրադյանն ասում է. «Դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»: Քննիչն ասում է, որ Ղամբարյանը ոստիկանություն դիմել է նաեւ այլ բողոքներով, դրանք եւս քննության են առնված: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ են իրականացվում հանցանք կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ թաղամասի բնակիչներից նշում էին, որ տուժածը տարօրինակ հայտարարություններ բազմիցս է արել, օրինակ` որ ինքը գաղտնի ինֆորմացիա ունի, որի համար իրեն հետապնդում են, պենտագոնից իրեն ահաբեկում են եւ այլն: Քննիչից փորձեցինք ավելին իմանալ, սակայն վերջինս ասաց, որ մինչեւ գործի բացահայտումը ոչինչ մեզ չի կարող հայտնել: Տուժածը հոգեբանական դիսպանսերում գրանցված չէ: Ի դեպ, նշենք, որ Վահե Ղամբարյանը մեզ ամենայն մանրամասնությամբ նկարագրեց նռնակը, նշեց դրա տեսակը:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ