Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, կրկին ջղաձգված էր։ Ընդդիմադիրների՝ գերիների, Արցախի, Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքի», Գորիս-Կապան ավտոճանապարհի ու մեր գլխին կախված տարաբնույթ աղետի մասին հարցերը լսելուն պես, իր իսկ բառապերով ասած, «նույն թելն էր թելում»՝ «կապիտուլյանտն էլ, հողատուն էլ դուք եք» ոճի մեջ։ Խորհրդարանական ամբիոնն ու պառլամենտարիզմն, առհասարակ, միանշանակ միմյանց վիրավորելու, էլ ուր մնաց՝ շշամարտերի ու բազուկների հաստության ցուցադրման վայր չէ։ Բայց սեւին սապոնը չի փրկի, խեւին՝ խրատը։ Փաշինյանն էլ նախկիններին անդադար հիշատակելու ու հասարակությանը յուրայիների ու «թալանչի նախկին»-ականների բաժանելու մոլուցքից չի ձերբազատվի, անգամ եթե դա անկեղծորեն, ի սրտե ցանկանա։ Բայց հիշեցնենք, որ հասարակությանը պառակտող, սեւ ու սպիտակի բաժանողը Նիկոլ Փաշինյանի երբեմնի մտերիմ ու սիրելի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որ դեռ մոտ երեք տարի առաջ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի լուր աշխարհի՝ ձայնեց, թե «ով մեզ հետ չէ, սեւ է»։ Մարությանի սահմանած բանաձեւ-աքսիոմը կիրառելի դարձավ գրեթե ամեն մի իշխանավորի համար։ Նախարարության վարչության պետից մինչեւ պատգամավոր, նախարարից մինչեւ ուժային կառույցների պատասխանատուներ, պատգամավորի օգնականից մինչեւ վարչապետ ցավոտ, իրենց քիմքին ոչ հարիր հարցերի ամենակարող պատասխանը լավ են յուրացրել. սեւերն են մեղավոր։ Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն, հույզեր, հարգանք ու սեր։ Հասարակությանը մասնատած, միմյանցից օտարացրած, հորը՝ որդու, ամուսնուն՝ կնոջ, գործընկերներին, ազգականներին ու բոլոր-բոլորին միմյանց դեմ հանած «սուպեր» քաղաքապետ Հայկոյի թեզը գործում է, իսկ ինքն այժմ աջը քաշել ու երեւի թե կողքից լուռ հետեւում է, թե ատելության իր գցած սերմն ինչպես է ծլում, փթթում ու մոլախոտի նման խեղդում բոլորիս։
Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։ Պատգամավորին զգուշացրինք, որ նման հայտարարությունը կարող է ուղղորդիչ լինել ավագանու անդամների համար։ «Դե ուրեմն նման հարցեր մի՛ տվեք ինձ»,- վրա բերեց մեր զրուցակից Հայկ Սարգսյանը, որը, «շիշ բռնելով, հայտնի չի դարձել»: Իշխանությունը, փաստոորեն, մի կողմից հայտարարում է, որ իրենք ծանր չեն տանում ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունները, մյուս կողմից՝ բացեիբաց իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Լծակների կիրառմամբ կամ տարատեսակ մեթոդների՝ վախեցնելու, համոզելու կամ այլ միջոցով այլ ուժերի ավագանու անդամներին իրենց կողմն են քաշելու եւ ՔՊ-ի 50+ ձայն չապահոված թեկնածուներին ստիպողաբար համայնքապետ դարձնեն։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: «Ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում, ես ավելի շատ ուզում եմ իմ դժգոհությունն արտահայտել մեր իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք, ԱԺ-ի միջանցքներում պտտվելու փոխարեն, պետք է քրեակատարողական հիմնարկներում այս պահին իրենց պատիժը կրեին», – ասաց նա: Խոսքը Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի մասին է: Սա նշանակում է, որ երկրի թիվ մեկ ամբիոնից քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին: Թեմայի շուրջ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր հիշեցում արեցին. 2018 թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, որը, իր ելույթի խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա նա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ: Եվ հիմա նույն Նավոյանի վարույթում է քննվում Արարատ Միրզոյանին 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը ծեծի ենթարկելու գործը: Ստացվում է՝ Էդուարդ Աղաջանյանի կոնկրետ հայտարարությունը՝ քննիչ Նավոյանի ով լինելը, ինչպես նաեւ Գերասիմ Վարդանյանի՝ ԱԱԾ-ում զանգվածային անկարգությունների մասով որպես մեղադրյալ անցնելը միմյանց կողքին շարելուց հետո պետք է եզրակացնել, որ առաջիկայում դաշնակցական Գերասիմ Վարդանյանը կկալանավորվի:
Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25 հազար 520, 2019-ին 21 հազար 603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը: Այս տարվա հունվար-հոկտեմբերին Covid-19-ից մահացել է 3755 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում1431 մահվան դեպք է արձանագրված: Մեր երկրում Covid 19-ից հոկտեմբերին մահացել է 794 մարդ, իսկ սեպտեմբերին՝ 427, օգոստոսին՝ 203: Միայն 227 դեպքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական գործողությունների հետեւանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են այս տարվա ապրիլ- հոկտեմբեր ամիսներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ-ում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին 10 ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 30 հազար 282, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 30 հազար 147, 2019-ին՝ 29 հազար 910, այսինքն՝ ծնվածների քանակն 135-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: