ՔՊ-ԱԿԱՆԸ` ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը չի ողջունում խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեպքի առնչությամբ մեղավոր են բոլոր կողմերը։

 

-Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, Դուք ավագ պատգամավոր եք: Կարելի՞ է խորհրդարանը «բազարի» վերածել եւ արդեն միջանցք տեղափոխել ծեծուջարդը:

-Ուղղածդ գործողությունների մեջ կան բազմաթիվ այո-ներ եւ ոչ-եր: Այն, ինչ կատարվում է, իհարկե, շատ տհաճ է: Անձամբ  իմ կողմից չընդունելի է, բայց ես չեմ կարող վերահսկել այս ամբողջը:

-Զուտ Ձեր գնահատականն է հետաքրքիր: Ձեր կեսափորձը շատ ավելին է, գուցե ապագայում Ձեր երիտասարդ ընկերներին խորհուրդ տաք, որ նման բան պետք չէ անել: Ձեր գնահատականն ինչպիսի՞նն է:

-Խորհուրդ կտայի բոլորին, առաջին հերթին՝ նրանց, որոնք խորհրդարան չեն եկել օրենսդրությամբ զբաղվելու, որոնք  եկել են խրամատավորվելու, որոնք եկել են իշխանություն  վերցնելու: Դրանք տարբեր բաներ են: Երբ հայտարարում են, որ խորհրդարան են գալիս իշխանությունը վերցնելու, անմիջապես իմ աչքի առաջ հառնում է հոկտեմբերի 27-ը: Մեր պատմության մեջ կա այդպիսի դեպք, երբ հոկտեմբերի 27-ին իշխանություն վերցվեց: Եթե մենք վերցնում ենք, որ մենք խորհրդարանական երկիր ենք, ուրեմն Աժ-ն իրենից պետք է ներկայացնի միայն օրենսդրական նախաձեռնությունների  վայր, մի տեղ, որտեղ բոլորը՝ անկյախ նրանից՝ դու իշխող խումբ ես, թե ընդդիմադիր, դու եկել ես այս երկրի հոգսերը քչացնելու համար, ոչ թե այս երկրի հոգսերը ավելացնելու: Հիմա մեր ժողովրդին մի հոգս էլ ավելացավ, խորհրդարանը չի կարողանում, ինչպես հարկն է, իր արժեքի ու բարձրության վրա մնալ, որովհետեւ հավաքվել են մարդիկ, որոնք եկել են միայն մի նպատակով՝ ռեւանշի: Նախորդ քառօրյաի  ժամանակ, երբ իրենք հեռացել էին, ընդամենը օրուկեսում բոլոր հարցերը շատ արագ ձեւով կարգավորվեցին, եւ մեզնից յուրաքանչյուրը գնաց իր գործերը կատարելու: Իսկ այսօր եկել են մարդիկ, որոնց միակ նպատակը երկիրը ներսից ապակայունացնելն է, իրենց մանիպուլիացիաները տանելն է: Ինձ համար նույնպես շատ անընդունելի է: Գոնե 200 գիրք չկարդացած մարդը եկել է խորհրդարան ու բարբաջում է քաղաքականությունից:

-Ձեր խմբակցությունից քանի՞սն են 200 գիրք կարդացած:

-Շատերը, ես անձամբ ճանաչում եմ:

-Ըստ Ձեզ՝ երեկվա ծեծի մասնակիցները կարդացե՞լ էին գրքեր: Դուք պատմական անցյալից հղումներ եք անում, նրանց արարքը դատապարտելի չէ՞: Աժ պատգամավորները կռիվ են անում Աժ պատգամավորների օգնականների հետ:

-Գուցե տեղերը փոխենք. Ազգային Ժողովի պատգամավորների օգնականները կռիվ են անում Ազգային Ժողովի պատգամավորների հետ:

-Այսինքն՝ Ձեր թիմակիցները որեւէ մեղավորություն չունե՞ն այս հարցում:

-Ես ասացի, որ չկա միակողմանի մեղք: Երկու կողմն էլ մեղավոր են. ով կասի, որ մենք  մեղավոր չենք, սխալ կասի, մեղավոր են բոլորը: Հիմա վերցրել ու շահարկում են այն արտահայտությունը, որ ասել են, թե ինչու են գերի ընկել: Եվ դրանով կպել են գերիների ընտանիքների նուրբ թելերին: Բայց չէ՞ որ օրինականության տեսակետից, այո, պետք է պարզվի, թե մարդը ինչ պայմաններում է գերի ընկել, ինչ պայմաններում է վիրավորվել,  թե չէ շատ հեշտ գլուխը պահել մի տեղ, հետո վերադառնալ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՊԻՊՈՅԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի սպանությունից: Նախաքննական մարմինը կալանավորել է մեկ անձի, որին մեղադրում են այն բանի համար, թե, իբր, նա մեքենայի համարանիշ է գողացել եւ տվել ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նա այդ գողացված համարանիշով կատարի Դոն Պիպոյի եղբոր սպանությունը:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ չի ճանաչել Դոն Պիպոյի եղբորը եւ չի օժանդակել նրա սպանության կատարմանը, եւ դեռ ավելին՝ համարանիշ չի գողացել:

Ի դեպ, գործով անցնող անձինք կասկածներ ունեն, որ նախաքննական մարմինը սխալ ուղղությամբ է գնում, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Մասնավորապես, կասկածներ կան, որ նախաքննական մարմնին նման տվյալներ են տվել քննության ընթացքը շեղելու համար, կամ էլ վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ շահագրգռվածություն ունի քրեական գործի բուն ուղղությունը շեղելու համար: Փաստ է մեկ բան. սպանությունից անցել է 7 ամիս, սակայն դեռեւս այն բացահայտված չէ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը: Ասել է թե՝ սպանություն կատարողը մաքրել էր հետքերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԻՄՈՒՄԴ ԳՐԻ՛Ր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ առավոտյան ՊՆ կադրերի բաժնից զանգահարել են Արշակ Կարապետյանի խորհրդական Սուրեն Հարութունյանին եւ ասել, որ ազատման դիմումը գրի, ինչն էլ նախարարի խորհրդականը արել է: Հիշեցնենք, որ ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ-գլխավոր քարտուղարի տեղակալ Սուրեն Պողոսյանը:

Ի դեպ, Պողոսյանը առողջական խնդիր ուներ եւ դեռ ավելի շուտ էր պատրաստվում դիմում գրել եւ ազատվել պաշտոնից: Հիշեցնենք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձեւավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, եւ շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն:

 

 

ՆՈՐ ԱՆԴԱՄ ԿԸՆՏՐԻ

Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նոր անդամ կընտրի: Նա Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանն է: ArmLur.am-ը դեռ երկու ամիս առաջ էր գրել, որ Պալատի նոր անդամի ընտրության հարցում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» միանձնյա որոշել է Սողոմոնյանին առաջադրել: Երեկ՝ դեկտեմբրի 8-ին, ArmLur.am-ը Սողոմոնյանին խորհրդարանում նկատեց: Նա մեզ փոխանցեց, որ բյուջեի քննարկումից հետո խորհրդարանականները կանցնեն իր ընտրության հարցին: Հիշեցնենք, որ Սողոմոնյանն «Առաքելություն» կուսակցության անդամ էր: Մեզ հետ նախկինում ունեցած զրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ որպես պատգամավոր լիազորությունները ավարտվելուն պես դադարեցրել է նաեւ կուսակցության անդամակցությունը:

 




Լրահոս