ArmLur.am-ը. ներկայացնում է, թե գերությունից վերադարձած զինվորները ինչ ցուցմունք են տվել զինվորական քննչական բաժնում:
- Տուժող Ս.Ս-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) 62 հոգով շարունակել ենք քայլել դեպի…(…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ, կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջեւի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:
- Տուժող Ռ. Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) ամբողջ կազմով՝ 62 հոգով… լքեցինք այդ դիրքերը… Մենք բոլորս մեզ մոտ եղած զենք-զինամթերքներն հերթով հանձնեցինք, որից հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը եւ ասացին, որ պետք է իրենց հետ գնանք, ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել, տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական եւ մեկ հրամանատար»:
- Տուժող Մ. Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «13.12.2020թ. ժամը 16-ի սահմաններում, մեր անձնակազմը 62 հոգով քայլելով շարժվեցինք… ուղղությամբ եւ այնտեղ կանգնած էին ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանցի զինծառայողները 3-4 հոգի էին, մեզ ասացին, որ պետք է զենքերը հանձնենք: Կրակներից մոտ 60-70 մետր հեռվում մթության մեջ երեւում էին վրանները, որոնք երկուսն էին: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են 7-8 հոգի ադրբեջանցիներ»:
- Տուժող Ժ. Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք դիրքը բարձրացանք ընդհանուր 62 հոգով: (…) քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված (…)»
- Տուժող Հ. Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք ընդհանուր 62 հոգի ենք եղել (…) Տվյալ վայրում գտնվում էին 3-4 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց կողքով ենք մենք անցել ու հանձնել զենքերը»:
- Տուժող Ս.Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Ժամը 20:00-ի սահմաններում մենք հասանք նշված դիրքեր… եւ ի զարմանս մեզ՝ նշված դիրքերում տեսանք ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայիններին: Նրանք սկզբից կլինեին մոտ 6-7 հոգի: … եւ մենք զենքերը հանձնել ենք»:
- Տուժող Յ.Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով Լիսագոր գյուղ՝ մեր դիմաց դուրս են եկել ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող, «Յաշմա» ջոկատի եւ թուրք զինվորականներ՝ մոտ 10-12հոգի», որոնց գերի ենք հանձնվել:
- Տուժող Վ.Հ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով նշված դիրք՝ տեսել ենք, որ ոչ ոք չկա: Իմանալով որ մյուս դասակը գտնվում է մեր թիկունքի ձախ հատվածում, շարժվել ենք այդ ուղղությամբ: Մեր տղաներից մի քանիսը մեզանից առաջ էին ընկել մոտ մի քանի հարյուր մետր, ու երբ հասել են տղաների դիրքեր՝ մտածելով, որ մեր տղաներն են, մտել են դիրքեր, հասկացել են, որ ադրբեջանցիներն են: Իրենց պահանջով հանձնել ենք զենքերը: Սկզբնական պահին նկատել եմ 10 հոգի ադրբեջանցու»:
- Տուժող Ա.Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ-որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող, «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք, մեզ նկատելով, իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ եւ առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը եւ զրահաբաճկոնները»:
- Տուժող Ե.Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող, «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք, մեզ նկատելով, իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ եւ առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը եւ զրահաբաճկոնները»:
- Տուժող Վ.Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից՝ հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, եւ իրենք հանձնվել են:
- Տուժող Թ.Գ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից՝ հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, եւ իրենք հանձնվել են:
Այս մանրամասները ArmLur.am-ին փոխանցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Ք. Մ.
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու եւ տալու դեպքեր:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված եւ ոչ սթափ վիճակում երթեւեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու նպատակով Ս. Կիրակոսյանը մի քանի անգամ պարեկին որպես կաշառք առաջարկել է գումար, սակայն վերջինս մերժել է վարորդի առաջարկը` քանիցս զգուշացնելով, որ ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի արարք է: Ս. Կիրակոսյանը, սակայն, շարունակել է պնդել իր առաջարկը, որից հետո կաշառք առաջարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին»,-նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ ոստիկանության աշխատակցին կաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մյուս քրեական գործով հիմնավորվել է, որ Գեղամ Նազարյանը կաշառք է տվել ՀՀ ոստիկանության պարեկին, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնելուց եւ իր ծառայակցի հետ բերման է ենթարկել Գ. Նազարյանին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկները Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենայի դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգնեցրել են Գեղամ Նազարյանի վարած տրանսպորտային միջոցը: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են նաեւ, որ Գ. Նազարյանն ավտոմեքենան վարել է առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու եւ ԱՊՊԱ պայմանագրի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Գ. Նազարյանը 20 000 ՀՀ դրամ է դրել պարեկի գրպանը, որից հետո, սակայն, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: Ստյոպա Կիրակոսյանին եւ Գեղամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատախազին` դրանք հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Նախօրեին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են մի տղամարդու: Ժամը 21:50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի եւ ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է Վաղարշյան փողոցում։ Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրան: Բացատրական աշխատանքի շնորհիվ 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն։
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի եւ նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները:
2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի եւ Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունք՝ իր վերաբերյալ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու: Հարկադիր կատարողները նրան ուղղորդել են արագ սպասարկման սենյակ անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ ստանալու նկատառումով: Այնուհետեւ վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, սկսել է հայհոյանքներ հնչեցնել հարկադիր կատարողների հասցեին, որից հետո վերջիններս բաժանմունքից դուրս են հրավիրել նրան:
Նշված միջադեպից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 50-ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը եւ փեսան մտել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերոնշյալ բաժանմունք, որտեղ 50-ամյա տղամարդը եւ որդին, դրսեւորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյել եւ հարվածներ են հասցրել բաժանմունքի պետի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետեւ հասկանալով, որ բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն՝ դիմել են փախուստի: 50-ամյա տղամարդուն եւ նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: