Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը եւ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութի առնչությամբ։ Տեսանյութում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպանների՝ 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: Համատեղ հայտարարության մեջ ասվում է.
«Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:
Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների եւ հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝
- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես, օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ զեկույցում որեւէ խոսք չկա բռնաբարության մասին:
Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որեւէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբեւէ չի հրապարակվել։
- Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։
Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը եւ հանցակցությունը։
- Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում եւ չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։
Դրա փոխարեն Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները եւ խոշտանգման այն ընդհանուր ձեւերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։
Միաժամանակ, Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձեւերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։
- Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։
- Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն:
Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների առջեւ, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու՝ ի շահ իրեն եւ ի վնաս հայ գերիների իրավունքների: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար»:
Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Սիրանուշ Սահակյան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան
Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահ երկրների հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում եւ նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումներով սկսած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, ինչպես նաեւ շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղությունը: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից ու ամբողջությամբ կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հայտարարությամբ ստանձնած եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությամբ վերահաստատած հանձնառությունները, ինչպես նաեւ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ։ Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ հստակ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի եւ պատմական ու մշակութային վայրերի պահպանության վերաբերյալ, ինչպես նաեւ կառուցողական աշխատանքներ տանել այլ կարեւոր խնդիրների կարգավորման նպատակով, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը: Համանախագահ երկրները նաեւ մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջին միջադեպերը եւ վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաեւ հիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին եւ կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ հակամարտությունից տուժած տարածքներ եւ դեպի բնակչություն հասանելիության հետ կապված բոլոր սահմանափակումները: Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում եւ համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ»:
ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
Տավուշի մարզից քարտեզագրման գործի մասնագետի խոսքով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղից վերեւ գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավ Յուխարի Ասքիպարայի (Վերին Ոսկեպար) վարչական տարածքը կազմել է 2650 հեկտար, իսկ Ոսկեպար գյուղի վարչական տարածքը 1250 հեկտար է։ Ընդ որում՝ ամենաբերրի, հարթ տարածքները, արժեքավոր հողերը պատկանել են Յուխարի Ասքիպարային։ Հայտնի չէ, թե Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի որ թվականի քարտեզներով են կատարվելու սահմանազատումն ու սահմանագծումը։ Ոսկեպարի բնակիչները ներկայումս զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ պահելով, Վերին Ոսկեպարի տարածքների հանձնումով սահմանամերձ գյուղում անասնապահության հնարավորությունները խիստ սահմանափակվելու են։
ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է
Դիլիջան քաղաքից հայտնում են, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կիրառական արվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին մտահոգ է Դիլիջան համայնքի համար կարեւոր խնդիրների լուծմամբ։ Նա Դիլիջանի համայնքային կենտրոնին է հանձնել իր դասընթացների արդյունքում պատրաստված կավագործ իրերի վաճառքից ստացված 95 հազար դրամ հասույթը՝ Արցախից Դիլիջան տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՐԳԵԼՎԻ
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Կարգելվի հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը։ Բանն այն է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը հասանելի դարձնելու համար։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա նշել դեղերի` Հայաստանում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: