Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորման, դասագրքերի բաշխման եւ շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:
Հանրակրթական առարկաների դասագրքերի ապահովման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Ներդրումային գումարների միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորման եւ դասագրքերի շրջանառության գործընթացն իրականացվում է Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով: ՀՀ պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորման եւ դասագրքերի շրջանառության գործընթացն իրականացվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով: Յուրաքանչյուր տարի՝ մինչեւ օգոստոսի 20-ը, ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի՝ մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ: Սահմանամերձ համայնքների ուսհաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում եւ հաստատվում տնօրենի կողմից: Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն եւ վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչեւ տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գրադարանում պահվող, երաշխավորված եւ գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության՝ բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:
Ն. Պ.
ՕՄԻԿՐՈՆԸ՝ 57 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Կորոնավիրուսի նոր տիպի մուտացիայով՝ Օմիկրոնով վարակման դեպքեր են հաստատվել աշխարհի 57 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։ Վարակման դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել կազմակերպության բոլոր 6 տարածաշրջաններից։ Առողջապահության համաշարհային կազմակերպությունում դեռեւս միասնական եզրակացության չեն եկել նոր տարբերակի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցում։ Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն Աֆրիկայի հարավում։ Հստակ պատճառը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը հենց Օմիկրոնն է հարուցել։ Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341468 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2419770, վերջին մեկ օրում` 8485 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9462 պացիենտ. մեկ օրում նվազել է 15-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 322814 անձ, վերջին մեկ օրում՝ 408 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7728 է:
ԸՆԴՈՒՆՎԵՑ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայն: Այսպիսով, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: