ԴԱԹՈՅԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի չեղարկված մենահամերգից տուժած քաղաքացիներ Գայանե Նազարյանը, Ռիտա Զաքարյանը, Աիդա Բադոյանը եւ Հասմիկ Գասպարյանը:

 

Բանն այն է, որ վերջիններս  դեռեւս 2019 թվականի հոկտեմբեր ամսին ձեռք են բերել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի տոմսեր, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 7-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով համերգը չի կայանում եւ  հետաձգվում է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 2-ը, սակայն ինչպես պնդում են տուժածները, այդպես էլ մենահամերգը տեղի չունեցավ. կազմակերպող AVN ընկերությունը պատճառաբանել է, թե երգիչը կորոնավիրուսով հիվանդ է, այդ իսկ պատճառով համերգը չի կարող կայանալ:

«Քանի որ արդեն խնդրահարույց դարձած համերգը եւս մեկ անգամ հետաձգման եւ չկայացման պատճառները մեզ համար համոզիչ չէին, եւ արդեն լուրջ անհանգստացած գնում ենք  Ֆիլհարմոնիկ՝ պարզելու, թե ինչ է կատարվում, ինձ այնտեղից պատասխանում են, որ Դաթոյի մենահամերգ տեղի չի ունենալու: Հարցին, թե ինչու, ինձ պատասխանում են, որ նա մեծ պարտքեր ունի կուտակած, եւ նրա մենահամերգի համար դահլիճ չեն տրամադրում: Ապշահար գնում եմ տոմսարկղ եւ տեսնում եմ, որ տոմսերը շարունակվում են վաճառվել: Հետաքրքրվում եմ՝ համերգը չի կայանալու, ինչպես են տոմսերը շարունակում վաճառել, ինձ պատասխանում են, որ նրանց այդ մասին կազմակերպող ընկերությունը տեղյակ չի պահել»,- մեզ հետ զրույցում պատմեց տուժած քաղաքացիներից Գայանե Նազարյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը զանգահարել է տոմսարկղ, եւ այնտեղից նրան փոխացել են, որ տոմսերը շարունակում են վաճառել:

«Շատ վրդովված եւ զայրացած փորձում եմ կապվել այն ընկերության հետ, ով զբաղվում է մենահամերգի կազմակերպչական աշխատանքներով՝ ի դեմս մենահամերգի կազմակերպիչ Վիկտորիա Մայիլյանին, սակայն այդպես էլ նրա հետ կապի դուրս գալ չհաջողվեց, կարծես հօդս է ցնդել: Ես եւ ինձ նման տուժած շատ քաղաքացիներ բազմիցս փորձել ենք մեր միջոցներով հասնել նրան, որ մոր գումարները վերադարձնեն, բայց ապարդյուն: Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե սա ինչ մաֆիա է, ինչպես են կարողանում երեք տարի շարունակ մարդկանց խաբել եւ նախապես գնված տոմսերի գումարները ետ չվերադարձնել այն դեպքում, երբ նա պատրաստվում է «Ֆանտաստիկ ամանորյա շոու»-ով հանդես գալ դեկտոմբերի 31-ին «Փարավոն» հանգստի եւ ժամանցի համալիրում»,- հավելեց նա:

ArmLur.am-ը մի քանի օր է, ինչ փորձում է կապ հաստատել համերգի կազմակերպիչ Վիկտորիա Մայիլյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, սակայն մեր բոլորը զանգերը մնացին անպատասխան:

ArmLur.am-ը ահազանգի հետքերով կապ հաստատեց նաեւ տոմսարկղ.am-ի հետ՝ պարզելու համար՝ եթե համերգը չէր կայանալու, ինչու է շարունակվել տոմսերի վաճառքը:

«Մենք իրականացնում ենք ընդամենը առաքման ծառայություն, եւ գումարները փոխանցվում  է կազմակերպիչ ընկերությանը: Ավել տեղեկություններ չունենք»,- նշեց օպերատորը:

Խոսեցինք նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ, որը նախ զարմացավ, ապա որոշակի ճշտումներից հետո հայտնեց, որ ինչ-որ Վիկտորիա անունով մեկը եկել, բանավոր պայմանավորվել է համերգի համար, բայց ո՛չ աւյլեւս եկել է, ո՛չ դահլիճն է ամրագրել, ո՛չ էլ պայմանագիր է կնքել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ»

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ներկայացրել:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված եւ ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը արդյոք համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի եւ Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Կինոնկարի ստեղծման վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ՝ Հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական «Կվասսա Ֆիլմսը» (Kwassa Films):

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի .անրապետության ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Ալենին, մարմնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը: Նրա խաղընկերներն են Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Վարդան Պետրոսյանը, Նարինե Գրիգորյանը եւ  այլք: Կինոնկարի եւ՛ ռեժիսորը, եւ՛ սցենարի հեղինակը Նորա Մարտիրոսյանն է:

 

 

 

ՊՐԵՄԻԵՐԱ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը՝ լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։ Այն պատմություն է մի տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան մեծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Պորտուի» նկատմամբ արտագնա խաղում եւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Ես շատ գոհ եմ մեր խաղացողների ցուցադրած կամային որակներից, բոլոր դժվարությունները հաղթահարելիս առաջնորդի որակներ ցուցադրելուց։ Վրսալկոն ու Կոնդոգբիան արժանի են ամենաբարձր գնահատականի։ «Պորտուին» պետք էր 1 միավոր, եւ նրանք շատ լավ պայքարում էին, սակայն մենք գործեցինք միասնական եւ ցուցադրեցինք գերազանց խաղ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ B խմբում «Աթլետիկոն» վաստակեց 7 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ «Պորտուն» 5 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

 

 

ՆՎԱՃԵԼ ԵՆ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Լուկա Յովիչը շատ լավ խաղաց։ Կարծում եմ՝ Բենզեման կվերականգնվի մինչեւ «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբին։ Մոդրիչն իր տարիքում պետք է հանգստանա։ Նա 5 օր հանգստանալու հնարավորություն կունենա։ Կարծում եմ՝ նա նույնպես պատրաստ կլինի, բայց այդ դիրքում կարող են խաղալ նաեւ Վալվերդեն ու Կամավինգան։ «Բարսելոնայի»՝ փլեյ-օֆֆ դուրս գալը կամ պայքարից դուրս մնալը ինձ չի հետաքրքրում։ Ես կդիտեմ «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը, հետո էլ կհետեւեմ վիճակահանությանը։ Մենք ունենք բարձրակարգ թիմ, որը կարող է պայքարել Իսպանիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթի համար։ Այո, կան մեզնից ավելի բարձր որակի եւ ինտենսիվ խաղ ցուցադրող թիմեր, բայց մենք ունենք բարձր կարգ, փորձ եւ վճռականություն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, առաջին հանդիպումները՝ փետրվարի 15-16-ին եւ 22-23-ին։




Լրահոս