Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ավտոմեքենայի եւ մոպեդի բախում է տեղի ունեցել Երեւանում: Ռուբինյանց 20 շենքի դիմաց բախվել են Երեւանի բնակիչ 41-ամյա Արտաշես Զ.-ի վարած BMW մակնիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մայիս Ս.-ի վարած մոպեդը: Վթարի հետեւանքով՝ մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ծննդի պետական գրանցման հիմքերը որոնք են:
Կարինե Ամրոյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծննդի պետական գրանցման համար անհրաժեշտ են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը,
2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը,
3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը,
5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցում կատարում է ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:
Կիմա Բեգլարյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝
1) 18 տարին չլրացած երեխային,
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում,
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: