ՍԱՏԿԱԾ ԱՌՅՈՒԾԻՑ ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին  տեղի ունեցավ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի շնորհանդեսը: Այս իրադարձությունը եզակի է այն առումով, որ անցած 20 տարիների ընթացքում սա մարզային առաջին օրաթերթն է: Անկախ այն հանգամանքից, որ հիմա մարդիկ ավելի շատ ինտերնետային կայքերից են տեղեկատվություն ստանում, օրաթերթի ներկայացուցիչների կարծիքով տպագիր մամուլը պետք է իր ուրույն տեղն ու դերն ունենա քաղաքացիների կյանքում: Տարիներ շարունակ ելքեր են որոնել օրաթերթ ստեղծելու համար, եւ հիմա  «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարում է, որ «Գյումրի-Ասպարեզ»-ը կլինի քաղաքացիական հասարակության խոսափողը, կփորձի աշխատել  օպերատիվ: Նախապես օրաթերթի տպաքանակը կլինի 500 օրինակ: Հետագայում չեն բացառում, որ թերթն ավելի լայն սփռման հնարավորություն կունենա, եթե ժամանակի ընթացքում լինեն թղթակիցներ Երեւանից, Վանաձորից եւ հանրապետության այլ բնակավայրերից: «Մեր օրերում, երբ չինովնիկ, թե օլիգարխ, քաղաքական գործիչ, թե շարքային քաղաքացի սկսել են դատի տալ թերթերին եւ խոշոր գումարներ պահանջել վիրավորված պատվի եւ արժանապատվության համար, օրաթերթի հիմնումն արդյո՞ք ռիսկային գործ չէ»,-հարցրինք «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, օրաթերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանին: Նրա գնահատմամբ` ռիսկային շատ այլ գործոններ կան, սակայն ինքը մշակել է մեթոդ, թե ինչպես խուսափել տպագիր մամուլի դեմ ձեռնարկվող դատական արշավներից: Նա առաջարկում է լրագրությունը ենթարկել ժանրային մուտացիայի. «Ես դա համարում եմ մարտահրավեր, որը պետք է հաղթահարել եւ հաղթահարելու ձեւեր գտնել: Ձեւերից մեկը, որը ես առաջարկել եմ, այն է, որ երբ լրագրողին ստիպում են իր կարծիքը չհայտնել, եւ այդ կարծիքը համարում են զրպարտություն ու տուգանում, լրագրողը կարող է ուրիշ մեխանիզմներ գտնել: Օրինակ` սատկած առյուծի հեծյալը. այս բառակապակցությամբ նա կարող է արտահայտել իր կարծիքն այն անձի մասին, որի հետ նույնականացվում է  այդ սատկած առյուծի հեծյալը: Այս պարագայում ոչ մի սատկած առյուծի հեծյալ չի կարող դատական հայց ներկայացնել: Երբ պետությունն իր դատական համակարգով, օլիգարխներով ստիպում է  գնալ այդ քայլին, ուրիշ բան չի մնում, քան լրագրությունը ժանրային մուտացիայի ենթարկել»: Նորաստեղծ թերթի համար լուրջ խնդիր են մասնագետ կադրերը: Լրագրողները սկսնակ են, եւ այն պարագայում, երբ Հայաստանում լրագրողի մասնագիտությունը դարձել է ոչ  հեռանկարային, երբ փակվում են լրագրության ֆակուլտետները, ինչպես եղավ Գյումրու մանկավարժական ինստիտուտի պարագայում, լավ լրագրողներ ունենալը դարձել է կարեւորագույն հարց: «Տքնաջանորեն ամեն օր չարչարվում ենք, որպեսզի գոնե մեկ-երկու տարուց հետո թերթի լրագրությունը դառնա ինքնաբավ եւ կայուն: Թե չէ վիրավորանքի եւ զրպարտության հարցերը հաղթահարելի են, մանավանդ դրանց փողով կարելի է հաղթել, իսկ լավ լրագրող պատրաստելը 5 տարում, 10 տարում, շատ դժվար բան է»,-շեշտեց Լեւոն Բարսեղյանը: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս