«ԳԵՐԻՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԵՂԵԼ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԴԻՄԱՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ:

 

-Պարո՛ն Մամիջանյան, տեւական ժամանակ է՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերից գերների մասին տարաբնույթ հայտարարություններ են հնչում. ասում են, որ դեռ պետք է պարզվեն հանգամանքները, թե ինչ պայմաններում են գերի ընկել, պատգամավորներից մեկն էլ մոտավոր ասում էր, որ երանի նրան, ով գերի չի ընկնի եւ իրեն կպայթեցնի: Ի՞նչ քաղաքականություն է տանում իշխանությունը:

-Իմ կարծիքով՝ այս ամբողջ գործընթացը դասական օվերտոնի պատուհան է: Նիկոլ Փաշինյանն այդ օվերտոնի պատուհանը բացեց Աժ-ի հարց ու պատասխանի ժամանակ՝ խոսելով գերիների մեղավորության մասին: Այդ պատուհանի կիսաբաց անելու հաջորդ փուլը Ալեն Սիմոնյանի տեսագրության տարածումն էր, ու կարեւոր չէ՝ մոնտաժված է, թե ոչ: Հաջորդ տարածվողը որոշ գերիների ցուցմունքների հրապարակումն է: Այսինքն՝ տրամաբանությունը հետեւյալն է. երբ դու ապիկար իշխանություն ես, երբ դու ունակ չես քո սեփական քաղաքացիներին բերել Հայաստան, հետո քննել՝ մեղավոր են, թե ոչ: Դա հարցի մյուս կողմն է: Բայց այդ հարցերի պատասխանները պետք է ստանաս, երբ իրենք քո հողի վրա են: Այսինքն՝ դու քո պարտավորությունը, որպես պետություն, քո քաղաքացիների հանդեպ արել ես, հետո նոր կարող ես իրենց պարտավորություններից խոսել: Իրենք լավ գիտեն, որ իրենք ապիկար են ու չեն կարողանում գերիների հարցում որեւէ արդյունքի հասնել: Որպես ցանկացած հակապետական իշխանություն՝ պետք է «խոդի գցեն» PR քարոզչական մեքենան ու ասեն՝ եթե չենք կարողանում բերել, եկեք գոնե հեռահար հանցագործ հանենք: Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները շատ հասկանան: Այս իշխանություններ չեն կարողանում գերիների հարցում արմատական, շրջադարձային լուծումներ ստանալ: Յուրաքանչյուր վերադարձող խումբ եղել է ինչ-որ բանի դիմաց՝ ականապատ երկրի քրատեզներ, միջնորդություն եւ այլն: Ու ստացվում է՝ իշխանությունը եթե չի կարողանում գերիների հարցով ինչ-որ բան անել, ապա նրանց դարձնում է հանցագործ: Այս հնարքը Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ կիրառել է. իր կարծիքով՝ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր: Հիմա, իր կարծիքով, նաեւ այդ գերիներն են դժբախտ ու դժգույն, բա մեզ պե՞տք են: Ցավոք սրտի, իրենք հիմա զբաղված են պետական քաղաքականությամբ:

-Եթե շարժվենք այդ նույն տրամաբանությամբ, ապա վաղը, մյուս օրը հնարավոր է ե՛ւ վիրավորները մեղավոր լինեն, որ վիրավոր են, ե՛ւ պատերազմի մասնակիցները մեղավոր լինեն, որ գնացել, վտանգել են իրենց կյանքը:

-Դե, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի ընկնելու մեջ մեղավոր էր պարոն Ծառուկյանը: Մեղավոր էին բանակի գեներալները, բոլորը, բացի իրենից ու իր խունտայից: Հիմա այդ մեղավոր նշանակվածները՝  Տոնոյան Դավիթ, գեներալիտետ, սպայական կազմ, հենց որ սկսեն խոսել, ոչ թե հեռահար զրույցներ անել, ասեն՝ խելոք մնացեք, թե չէ կխոսենք, այլ խոսեն, իրաիկանություն պատմեն, թե ինչպես են հակապետական դավաճանական հրամաններ ստացել, պատմեն, թե ինչպես է ստացվել, որ անցած տարի միանձնյա Նիկոլ Փաշինյանը տվել է Սյունիքում հետքաշման հրաման, որի արդյունքում մենք հիմա Սյունիքում ունենք ադրբեջանական անցակետերի աղետալի վիճակը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 7-ին ներկայացրել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» անվամբ նախագիծ: Նրանք առաջարկում են Ազգային ժողովի կողմից հայտարարության տեքստ ընդունել եւ նշում են, որ ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:

 

Նախագծում նշված է.

« ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել եւս՝ երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով, առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում՝ որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը:

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»:

Այս նախագիծը պետք է քննարկվի խորհրդարանում:

Ն.Հ.

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, 314 դահլիճում տեղի կունենա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ՀՀ մարդու իրավունքների պատշպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցն է:

ArmLur.am-ը գրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Այդ օրը խորհրդարանում հարցը կներկայացնի ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նշենք, որ «ԱԺ կոնանակարգ» օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:  Այսինքն՝ ՔՊ թեկնածուին անցնելու համար անհրաժեշտ է 64 ձայն, իսկ իշխող ուժի պատգամավորների թիվը 71-ն է: Իսկ արդեն դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի է ունենալու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով:

 

 

ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔԵՐ

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1621 դեպք, մինչդեռ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին, արձանագրվել է թոքաբորբի 1072 դեպք՝ չճշտված հարուցիչով, այսինքն՝ 549-ով դեպքերի քանակն ավելացել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Իսկ վիրուսային թոքաբորբի արձանագրված դեպքերի քանակը հոկտեմբերին կազմել է 898, սեպտեմբերին՝ 678: Այս ցուցանիշը եւս ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 12197 դեպք, իսկ հունվար-սեպտեմբերին գրանցվել է թոքաբորբի 10576 չճշտված հարուցիչով դեպք:

Պաշտոնական տվյալներով՝ չճշտված հարուցիչով թոքաբորբի 6430 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 882՝ 0-2, իսկ 772-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Բացի այս, տեղեկացնենք, որ այս տարվա 10 ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է նաեւ վիրուսային թոքաբորբի 8575 դեպք:

 

 




Լրահոս