«Ժողովուրդ»-ը վերջերս գրել էր, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցի նախկին աշխատակիցները մեր թերթի միջոցով ներկայացնում են փաստեր, որով ապացուցում են, որ «Երեւան Ջուր»-ը խախտումներ է կատարում, միլիոններ յուրացնում, որի մասին ոչ ոք չի խոսում: «Երեւան Ջուր» ՓԲԸ նախկին աշխատակիցները երեկ խմբագրությունում կրկին ներկայացրին փաստեր` կապված արդեն կոնկրետ խախտումների հետ:Հիշեցնենք, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցից մոտ 40 աշխատակցի ազատել էին աշխատանքից, որոնք պատասխանատու էին ջրի վթարների վերացման եւ ապօրինի ջրօգտագործումների հսկողության համար:Մեր զրուցակիցները նշեցին, որ երբ 2007 թվականին «Երեւան Ջուր» ընկերությունը ստորագրել է պայմանագիր, որով 500 միլիոն դրամ ներդրում է կատարել, դրա արդյունքում, ըստ գործող օրենքի, ընկերությունը մինչեւ 2010 թվականն ազատվել է շահութահարկ վճարելուց: Պարզվում է, որ ցանկացած ծրագիր` Երեւանի ջրամատակարարման բարելավման հետ կապված, կատարվում է Համաշխարհային բանկի միջոցներով, այսինքն` վարկերով: ««Երեւան Ջուր» ընկերությունը որեւէ պատասխանատվության չի կրում, նա ուղղակի հասցնում է ջրամատակարարել, դրա համար ցանկացած խնդիր ծագելու դեպքում իրենք ասում են, որ դա մեր ֆունկցիայի մեջ չի մտնում: Բայց տարօրինակ է, որովհետեւ եթե իրենք որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում, ուրեմն իրենք ինչի՞ համար են ստեղծված»,-հռետորական հարց ուղղեցին «Երեւան Ջուր»-ի նախկին աշխատակիցները: «Բա ջրի կորո՞ւստը, իսկ դրա համար ո՞վ է պատասխանատու, իրենք անգամ պայմանագրի կետերը չեն կատարում, իսկ ինչ վերաբերում է ջրի որակին, ապա Նուբարաշենի դեպքերն արդեն խոսուն փաստ են: Թեեւ իրենք հայտարարում են, թե դեռ պարզ չէ` Նուբարաշենի թունավորումներն ինչից են առաջացել, բայց մենք էլ հայտարարում ենք, որ պարզ է, փորձագիտական եզրակացությունը կա, ուղղակի հիմա քննություն է ընթանում, որպեսզի պարզվի, թե մեղավորն ով է»,-տեղեկացրին «Ժողովուրդ»-ի զրուցակիցները:«Ընկերությունները ներդրումներ են կատարում, բայց «Վիոլա» ընկերությունը ներդրում չի կատարում, իրենք տնավարի ոնց ուզում են, այնպես էլ աշխատում են, իրենք ամեն տարի կրճատում են անում, որպեսզի մասսայական կրճատում չլինի, երեք ամիսը մեկ 40-50 հոգի դուրս են հանում, բայց ասում են` մեզ մոտ մասսայական կրճատումներ չկան, թվաքանակը նույնն է մնում: Այս կրճատումներն էլ որպեսզի գիտական ռելսերի վրա դնեն, իրենք նոր իրավախորհրդատու են ընդունել Երեւանի պետական համալսարանից, ով աշխատանքային օրենսգրքի համահեղինակն է, իրենց օգնում է օրենքի սահմաններում կրճատում անել»,-պատմեցին գլխամասային կառույցի նախկին աշխատակիցները:Ինչեւէ, այսօր` ժամը 11:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում շարունակվելու է «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցի նախկին աշխատակիցների հայցն ընդդեմ «Երեւան Ջուր» ընկերության դատական լսումը: Նախկին աշխատակիցներն այս անգամ ավելի վճռական են տրամադրված. վերը նկարագրվածը նրանք պատրաստվում են ներկայացնել դատարանին:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԿՄԵՐԿԱՑՆԵՆ» «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ