Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:Այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Այս հանդիպմանը նախորդել էին Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Իլհամ Ալիևի առանձնազրույցները Շառլ Միշելի հետ:
Հանդիպումից առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել վարչապետ Փաշինյանը՝ հայտնելով, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- հայտարարել էր Փաշինյանը։