«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Քաղպայմանագիրը բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Վեդիում իշխանությունը զավթել, այստեղ մասնակից երեք ուժերից եւ ոչ մեկը 50+1 ձայն չի ստացել, առաջատարը հզոր համայնքն է, սակայն ՔՊ-ն ջանում էր Արամ Զավենիչի «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել: Մենք քանիցս անդրադարձել ենք, տեղեկացնելով, որ Զավենիչի թեկնածուն` Գագիկ Հակոբյանը՝ Գոջ մականունով, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հավատրիմ մնացել նախընտրական երդմանը, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի:
Վեդիում իշխանությունը բոլոր գործիքները կիրառել է, որպեսզի կոտրի նրա դիմադրությունը` անգամ պատրաստակամություն են հայտնել Գոջին զիջել համայնքի ղեկավարի պաշտոնը, փոխարենը իրենց վերցնել տեղակալների, մի քանի համայնքապետերի պաշտոն, սակայն ապարդյուն:
Կրքերն այնքան են լարվել, որ նախօրեին Արամ Զավենիչի ընկերոջ` Վեդի Ալկո գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդիները, որոնք աջակցել են Գոջին, առաջին օրվանից մասնակցել ընտրարշավին, ընդհարում են ունեցել թեկնածուի հետ: Պահանջել են վերադարձնել ծախսած գումարները, եթե չի միանում ՔՊ-ին:
Մեզ ասացին, որ խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է, սակայն Գոջն ասել է, որ այդ գումարը ծախսել են թիմի, ոչ թե իր կարիքների համար, կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Վեդի Ալկոյի գործարանի տարածքում քաշքշուկ է սկսվել, թեկնածուին ծեծել են: Չնայած կողմերից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, սակայն մեզ ասացին, որ ոստիկանները Գոջին հրավիրել են ոստիկանություն` բացատրություն տալու, ապա բաց են թողել, որ աղմուկ չբարձրանա:
Սա եղել է վերջին կաթիլը, եւ երբ ՔՊ-ականներն ու Արամ Սարգսյանը հասկացել են, որ հնարավոր չէ կոալիցիա կազմել, եկել են պայմանավորվածության եւ Գոջին էլ ստիպել են, որ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ Վեդիում նոր ընտրություններ անցկացնեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում